▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք»-ը պետք է Արմեն Սարգսյանի անձնագիրը պահանջի ու տեսնի՝ ՀՀ քաղաքացի՞ է, թե՝ ոչ.Սահմանադրական իրավունքի մասնագետ

ԱԺ-ում ՀՀ նախագահի իշխանական կոալիցիայի 65 պատգամավորների ներկայացրած թեկնածու Արմեն Սարգսյանի առաջադրման հարցի քննարկման ժամանակ այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով նրա կենսագրությունը, նշեց, որ նա միշտ եղել է առաջամարտիկ բոլոր հարցերում. «Սկսելով դպրոցից` հաղթահարել է բոլոր մակարդակները»: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով Վահրամ Բաղդասարյանին՝ խոսեց ՀՀ նախագահի թեկնածությանը կից ներկայացված փաստաթղթերի մասին, որոնց մեջ չկա հաստատում այն չափանիշների, որ սահմանել է Սերժ Սարգսյանը. «Բացի այդ, բաց է մնում նրա ՀՀ քաղաքացիության հարցը, թեև բանավոր կերպով նա շատ է խոսել այդ մասին, մինչդեռ համապատասխան փաստաթուղթ չկա, որ վերջին 6 տարում մշտապես բնակվում է ՀՀ-ում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ այն, ինչ հայտարարել է պարոն Սարգսյանը, հիմնավորված է փաստաթղթերով «Կարող եք հարցում անել համապատասխան մարմիններին։ Բացի այդ, նա դիվանագիտական առաքելություն է կատարել, դա արդեն ինքնին խոսում է այդ մասին»:

Նիկոլ Փաշինյանը մնաց իր կարծիքին ու կոչ արեց անհապաղ բերել փաստաթղթերն ու ցույց տալ։

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանն անդրադարձավ «Ելք» խմբակցության բարձրացած հարցին՝ նկատելով.

«Հանրապետության նախագահի համար պահանջվող չափանիշները բոլորը շատ լավ գիտեն.վերջին 6 տարիների ընթացքում միայն ՀՀ քաղաքացի պետք է լինի ու մշտական բնակություն ունենա: Ընդ որում՝ այդ 6 տարի մշտական բնակության հաշվարկը հետևյալն է.եթե օրերի բաժանենք՝ 6 անգամ 365-ը ու, եթե դրա կեսից մեկ օր ավել գտնվել է Հայաստանում, ուրեմն համարվում է մշտապես Հայաստանում բնակվող: Այլ կերպ ասած՝ վերջին 6 տարվա ընթացքում 3 տարի գումարած մեկ տարի պետք է լինի Հայաստանում: Ես  Արմեն Սարգսյանի անձնագիրը չեմ տեսել, որտեղ նշումներն ու քաղաքացիությունն են: Ոչ ոք չի կարող խոսել սահմանադրության խախտման մասին, եթե իր աչքերով չի տեսել նրա անձնագիրը»:

Հարցին, այսինքն, ընդդիմությունը պետք է անձնագի՞րը պահանջի, Վարդան Այվազյանը պատասխանեց.

«Իհարկե՛, օդի մեջ ինչպե՞ս կարելի է դատողություն անել»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին