▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի հարցը միջազգայնացնելը մեզ ձեռնտու չէ՞

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրենՙ ՄԻՊ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2016թ.ապրիլի 2-5-ը տեղի ունեցածը, իր կարծիքով, այդպես էլ համարժեք արձագանք չգտավ: Հայաստանը չդիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ադրբեջանը, տեսնելով, որ չենք արել, ինքն է դիմել՝ նշելով, որ Հայաստանն է խախտել եղած բոլոր պայմանագրերը, զինադադարի մասին համաձայնագրերը և այլն:

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը Asekose.am-ի թղթակցի հետ զորւյցում անդրադառնալով տիկին Ալավերդյանի հայտարարությանը՝ նկատեց.

«Տիկին Ալավերդյանը թող այդ նախաձեռնությունը վաղուց ցուցաբերեր, չսպասեր Ադրբեջանին: Ընդհանրապես կողմերը տարբեր քաղաքականություն են որդեգրել: Ադրբեջանը ցանկացած մակարդակներում փախստականների հարց է բարձրացնում: Եվ վերջերս, երբ այդ հարցը քննարկվեց ԱԺ-ում, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանից տեղեկացանք, որ ավելի քան 5000 հոգու գործ ուղարկվել է տարբեր ատյաններ: Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը պարտված կողմ է, ամեն կերպ փորձում է նախաձեռնություն ցուցաբերել, բայց դրանք մեզ համար առաջնային չեն: Ադրբեջանն ինչքան ուզում է՝ թող ԵԽԽՎ-ում, ՄԱԿ-ում և տարբեր ատյաններում հարցեր բարձրացնի: Մենք պետք է բնակեցնենք, շենացնենք Արցախը, որից հետո նրանց կողմից արված քայլերը մեզ համար երկրորդական կլինեն: Ցանկացած մարդու Արցախում 2 հեկտար հող, անասուններ և ամեն ինչ տրամադրում են, որ կարողանան իրենց կյանքը դասավորել:

Հաճախ եմ լսում՝ պատգամավորներն ասում են, որ ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի հարցը միջազգայնանա: Սա մեզ ձեռնտու չէ: Կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է այդ հարցով: Պատկերացնո՞ւմ եք Բաքվում այդ հարցը քվեարկության դրվի: ՄԱԿ-ում երևի 2 հոգի իմանա՝ Հայաստանը կամ Ադրբեջանը որտե՞ղ են, ի՞նչ խնդիրներ են լուծելու: Ադրբեջանն է միշտ ուզում միջազգայնացնել հարցը: Պատկերացրեք, թե ինչքա՞ն իսլամական պետություն կա, որ առանց խնդրի մասին իմանալու՝ Ադրբեջանի կողմից է լինելու: Մեզ ամենևին պետք չէ, որ այն միջազգայնանա: Հեն ա՝ քրդերը ամբողջ աշխարհում բարձրաձայնում են իրենց հարցը, հետո՞»:

Հարցին՝ շա՞տ են Արցախում բնակություն հաստատել ցանկացողները, պարոն Իսագուլյանը պատասխանեց.

«Շատերն են գալիս: Սիրիահայեր կան, ովքեր նոր են եկել Հայաստան, բայց ցանկանում են Արցախում ապրել: Ուղղակի տարբեր երկրներից հայրենասիրություն քարոզողներին կոչ եմ անում՝ գալ ու ապրել Արցախում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին