▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան լուրջ քայլերի է գնում՝ ադրբեջանցիների ձեռքով Հայաստանին հարված հասցնելու համար

Տեղեկացրել էինք, որ մարտի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը: Նա հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Այնուհետեւ Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին: Սահակյանը կարեւորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված հանդիպումները, նշելով, որ դրանք նաեւ մեծացնում են մեր պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում:

Բակո Սահակյանը նշել է, որ ԼՂՀ-ում կարեւորում են ամերիկացիների սատարումն Արցախին, եւ այստեղ իրենց ուրույն տեղն ունեն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ու Սենատը, կոնգրեսականներն ու սենատորները: Սահակյանն արժեւորել է Վաշինգտոնի շոշափելի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման գործում:

Արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Արման Նավասարդյանի կարծիքով՝ սա կարող է կարևոր քայլ լինել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում:

«Այս այցելությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն կարող է Արցախի հարցում նոր մոտեցում  ունենալ: Իսկ, եթե ՌԴ-ն շարունակեց անել այն, ինչ Ադրբեջանն է ուզում, այդ ժամանակ կարող է խնդիր առաջանալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջև և հնարավոր է՝ ՌԴ-ն մեծ խնդիրներ ունենա արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ: Ուստի, մեր ռուս բարեկամները պետք է հասկանան, որ Բակո Սահակյանի հաջորդ այցը Մոսկվան պետք է լինի: Ռուսաստանը կարող է կորցնել Հարավային Կովկասը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Նավասարդյանը՝ հավելելով.

«Սա չի նշանակում, որ Բաքուն կխելոքանա, հակառակը՝ կարող է ավելի կտրուկ գործողությունների դիմել: Մեծ խնդիր ունենք Նախիջևանի ուղղությամբ: Բոլոր պայմանագրերը խախտվում են: Թուրքիան լուրջ քայլերի է գնում՝ անհրաժեշտության դեպքում Արարատյան հարթավայրի ուղղությամբ ադրբեջանցիների ձեռքով Հայաստանին հարված հասցնելու համար: Նախիջևանը նրա հիմնական ուղղություններից մեկն է՝ իրագործելու ծրագրերը ոչ միայն Հայաստանի նկատմամբ: Ուզում են հասնել մինչև Միջին Ասիա»: 

                                                                                       Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին