▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս համակարգը պետք է քանդվի և ժողովրդի որոշմամբ նորը ձևավորվի

«Երիտասարդների՝ փողոց դուրս գալն արդեն ահազանգ է իշխանության համար: Սա լրիվ նոր իրավիճակ է: Երկրում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք ստիպում են ժողովրդին դուրս գալ: Փողոց դուրս եկած ժողովուրդն ասում է՝ հերիք է  թալանեն, կոռուպցիայով զբաղվեն, պետական պարտքը շատացնեն ու ոչ մի առաջընթաց չլինի: Այո՛, այս համակարգը պետք է քանդվի, նորը պետք է ձևավորվի՝ ժողովրդի որոշմամբ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով արդեն 8-րդ օրը Երևանում և ՀՀ մի շարք մարզերում ընթացող բողոքի ցույցերին՝ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Անդրադառնալով ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին՝ նկատեց.

«Լսեցի Սերժ Սարգսյանի հարցազրույցը և հիշեցի օդեսացիների անեկդոտը, որտեղ ասում է՝ եթե ամեն ինչ լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ վատ: Հիմա, եթե Հայաստանում ամեն ինչ լավ է, ժողովուրդն ինչո՞ւ է բողոքում: Ցավում եմ, որ վարչապետը ադեկվատ չի գնահատում այն իրավիճակը, որն իրենց կառավարման տարիներին ստեղծվել է երկրում: Խոսում է միջազգային կառույցների մասին, որոնք ընտրություններին կաշառք տալու դեպքերը կարող էին արձանագրել, եթե նման բան լիներ: Նրանք ի՞նչ գիտեին, որ ԱԺ-ում այսօր գտնվող անլեզու պատգամավորները 10.000 դրամները որտեղ էին բաժանում: Այս հարցի լուծման համար երկու ճանապարհ կա: Առաջինն այն է, որ ժողովուրդը իշխանությանը պարտադրում է իրականացնել այն, ինչ որ ինքն է պահանջում, երկրորդ, եթե իշխանությունը համամիտ չէ, պետք է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել»:

Ինչ վերաբերում է նախագահի կողմից երկխոսության կոչին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ դրա համար իշխանության կողմից ճիշտ գնահատական է անհրաժեշտ, ինչը հարցազրույցի ժամանակ չտեսավ:

«Կգնա՞ ժողովուրդը երկխոսության, ես չգիտեմ: Ցավոք, այնտեղ չկա քաղաքական օրակարգ, պահանջ, որը պարտադիր է»,-ընդգծեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահը:

Արամ Սարգսյանը կարծում է, որ իշխանությունը պետք է ստեղծված իրավիճակի համար ժողովրդից ներողություն խնդրի ու ասի, թե ի՞նչ քայլեր են անելու և խոստանան, որ մարդիկ կտեսնեն դրանց արդյունքը:

«Գրեթե 30 տարի է՝ մենք պայքարի մեջ ենք: Իշխանությունը ոչինչ չի հասկացել: Իրենք իրենց ստեղծած օլիգարխիկ համակարգի և՛ գերին են, և՛ պաշտպանը» :

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է նույն Մարտի 1-ի դեպքը կրկնվի, հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ խոսեց ամենաթողությունը չշարունակելու ու ժողովրդի ունեցած փորձը հիշատակելու մասին:

«Աստված չանի: Ամեն մի նոր ցնցում երկիրն ավելի վատ վիճակի է տանում: Իրենք էլ են դա հասկանում: Միջազգային մամուլի արձագանքը նույնպես զգոնություն է պահանջում: Փաստ է, իշխանությունը միշտ սադրանքի է դիմում, միանշանակ է, որ հիմա էլ կանեն նման բան: Մենք վկա ենք: 1996 թվ.-ից այդպես արել ու հաջողության են հասել նաև մեր սխալների արդյունքում: Հիմա Փաշինյանն ավելի խելոք է, զգուշացնում է, որ սադրիչները իրենցից չեն: Եվս մեկ գործոն կա.ՀՀ նախագահը դիմեց կողմերին, վստահ ասաց, որ ինքը երկրի ղեկավարն է»,-ասաց Արամ Սարգսյանը:

Անի Կարապետյան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին