▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀԿ մամուլի ծառայությունը, հանդիպման առաջին մասին ներկա էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրեց իր հրաժարականի պատճառները և խոսեց Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ։

Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարն՝ արխիվից

Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ  ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ էր հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին: 

Ուղերձում ասված էր. «Հարգելիներս, Ստիպված եմ մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ:Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա:

Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը:

Հարգանքով, Սերժ Սարգսյան»:

 

Լուսանկարն՝ արխիվից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին