▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հերոս ժողովուրդը ցուցաբերեց աննկարագրելի միասնականություն. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

Ներկայացնում ենք Ս. Սարգսյանի ուղերձն ամբողջությամբ.

«Մեծարգո՛ նախագահ Սարգսյան,

Մեծարգո՛ նախագահ Սահակյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ի դեմս Ձեզ՝ մեր բոլոր համա¬քաղա¬քա¬ցիներին, աշխարհասփյուռ մեր քույրերին ու եղբայրներին Հաղթանակի եւ խաղաղության տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցու¬թյամբ: Այս օրը երիցս ոսկե տառերով է գրվել հայոց պատմության մեջ: Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, շարունակելով իր պատմական երթը, սերնդեսերունդ փոխանցելու է ցնծության եւ հպարտության զգացումը մայիսյան հաղթանակների համար:

Մեր ժողովուրդը հերոսական մասնակցություն ցուցաբերեց եւ մեծ զոհողություններ մատուցեց հանուն հաղթանակի Հայրենական մեծ պատերազմում: Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհում ամրապնդվեց հայ-ռուսական եղբայրական զինակցությունը: Խորհրդային Միության ժողովուրդների միասնական բռունցքն ազատագրեց Եվրոպան եւ կոտրեց նացիստական ամբողջատիրության ողնաշարը, որպեսզի այլեւս երբեք որեւէ ժողովուրդ չստորադասվի եւ չենթարկվի համակարգված ոչնչացման:

Հայ ժողովուրդն ինքն անցել էր այդ տառապանքի ուղիներով եւ կրկին դիմակայեց այդ նույն վտանգին նախորդ դարի վերջին տասնամյակում: Ադրբեջանի իշխանությունները որոշել էին մեկընդմիշտ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ բնաջնջելով արցախահայությանը: Ազատամարտի ընթացքում մեր հերոս ժողովուրդը ցուցաբերեց աննկարագրելի միասնականություն, տոկունություն եւ խիզախություն: Այդ պայքարի փառքն ու պսակն էր անառիկ բերդի համարում ունեցող Շուշիի ազատագրումը: Արցախի պաշտպանության բանակը, կոփվելով մարտերում, դարձավ արցախահայության բնօրրանը պաշտպանող ամուր եւ անսասան վահանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն՝ վստահ լինելով, որ մայիսյան հաղթանակների ոգին, հայ ժողովրդի միասնականությունը, համարձակությունը եւ պատվախնդրությունը ճանապարհ կհարթեն մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծման համար»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին