▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են. Բակո Սահակյան

 

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին։

«Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից», - ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը, փոխանցում է «Ազատություն»-ը:

«Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները», - ասել է Սահակյանը։

Ղարաբաղի նախագահը ապրիլյան քառօրյա պատերազմը որակել է հայերի հանդեպ Ադրբեջանի «հայատյաց գաղափարախոսության և իշխանությունների բռնապետության արդյունք»։

Պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, Լեռնային Ղարաբաղի նախագահն ասել է, որ որևէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղինը, կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով։

«Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են», - հավելել է նա՝ շարունակելով․ - «Մենք պատրաստ ենք անել փոխզիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցին և այդ ուղղությամբ արձանագրած հաջողություններին՝ Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղի ճանաչումը մոտ ապագայում շարունակվելու է ավելի մեծ հաջողությամբ՝ իր դրական հետևանքներն ունենալով Հարավային Կովկասի կայունության վրա։

«Օրինական է արդյոք աշխարհագրական մի տարածքում խմբված փոքրամասնության ինքնորոշման պահանջը» հարցին Բակո Սահակյանը պատասխանել է. - «Ինքնորոշման պահանջի իրավունք ունեն բոլոր ժողովուրդները, դա միջազգային իրավունքի հիմնական սկզբունքերից մեկն է։ Բայց այդ իրավունքը դառնում է հրամայական մի պարտականություն այն ժամանակ, երբ պետությունը, որին միացված է նա, չունի մի այլ ցանկություն, քան այդ ժողովրդին ոչնչացնելը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին