▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն չի կարող պատմության արխիվներում հայտնվել.Խոսրով Հարությունյան

«ՀՀԿ-ն որևէ տրամաբանություն չի տեսնում՝ խոչընդոտել այն քաղաքականությանը, որը կաներ նաև ինքը: Էականն այն է, որ ոչ թե ո՞վ, այլ ի՞նչ է կատարում: Մենք երբեք չենք խոչընդոտի այն նախաձեռնություններին, որոնք բխում են այնպիսի ծրագրային դրույթներից, որոնք համարվում են նախընտրական խոստումներ: Ես ինքս որևէ կերպ չեմ նպաստի, որ այս կառավարությունը հայտնվի ծուղակում, դա որևէ մեկի շահերից չի բխում: Հիմա, եթե կառավարությունը բերի ծրագիր, որը հնարավորություն կտա հանրային կյանքն ավելի դինամիկ զարգացնել, ինչո՞ւ չպետք է աջակցենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նկատեց.

 «Եթե առաջնորդվենք դասական քաղաքագիտական թեզերով ու մոտեցումներով, ապա հանրության մոտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն առաջանում է այն ժամանակ, երբ ձևավորվում է քաղաքական ուժերի հարաբերակցություն: «Ելք»-ն այսօր ԱԺ-ում քիչ պատգամավորներ ունի, բայց քաղաքական ազդեցությունն ավելի մեծ է և անհամեմատական է այն ներկայացվածությանը, որ ունի: Թվում է, թե այս համատեքստում ակնհայտ է, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն, կներեք, նման դեպքերում ժամանակն էական նշանակություն ունի: Այսօր կարող է դուք ունեք բարձր ռեյտինգ,  որից 2 ամիս հետո հնարավոր  է ոչինչ չմնա: Ես ձեզ ուզում եմ հիշեցնել. 2013 թ. Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ 540 հազար ձայն, «Հանրապետականից» հետո ամենաազդեցիկ քաղաքական ուժն էր: Թվում էր, թե լուրջ հնարավորություն է այդ ամենը դարձնելու կապիտալ, իշխանություններին հակադրվելու, կոնստրուկտիվ օպոզիցիոն դերակատարություն ստանձնելու, հանրային կյանքին օգուտ բերելու համար: Բայց, կներեք, երկու ամիս հետո հազիվ կարողացան հաղթահարել Երևանի քաղաքապետի ընտրություններում նվազագույն շեմը, սա պետք է նկատի ունենալ, ես չեմ ասում՝ անպայման այդպես կլինի, բայց արտահերթ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ քաղաքական հարաբերակցությունը քիչ, թե շատ կայուն է»:

Հարցին՝ եթե այս տարվա ընթացքում ընտրություններ լինեն՝ ՀՀԿ-ն կհայտնվի՞ խորհրդարանում, թե՝ ոչ, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է կուսակցությունից, անցած ուղուց դասեր քաղելուց, վերաիմաստավորելուց:

«Ես «Հանրապետական» չեմ, բայց, ի զարմանաս ինձ, մի բան պետք է փաստել՝ «Հանրապետական» կուսակցության մեջ միասնականության ոգին շատ բարձր է, դա պայմանավորված է նրանով, որ բոլորը գիտակացում են այն պատասխանատվությունը, որը կրել են և կրելու են հետագա զարգացումներում՝ որպես քաղաքական ուժ, մի կուսակցություն է, որի կենսագրությունը կապված է անկախության հետ, մի կուսակցություն, որի ակունքներում կանգնած է եղել Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը: Այս կուսակցությունը չի կարող պատմության արխիվներում հայտնվել, նա դեռ դերակատարում ունի և հանրապետականները դա շատ լուրջ գիտակցում են»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին