▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ անում եք, որ Փաշինյանը սկսի հասկանալ՝ Սերժը ճիշտ էր անում, որ ժողովրդին իրենից հեռու էր պահում

Հայաստանն այնպես են քանդել ու ավերել, որ արագ հնարավոր չէ կարգի բերել: Պետք է համբերել, աջակցել ու սպասել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ արեցին դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, երաժիշտ Եղիշե Պետրոսյանն ու բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը:

-Ունենք ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ և ժամանակավոր կառավարություն: Առաջնահերթ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք թույլ կտան ունենալ քաղաքական համակարգը և հնարավոր կլինի անել  այն փոփոխությունները, որոնց սպասում ենք,-ասաց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

Ինչ վերաբերում է հաճախ անցկացվող հավաքներին, որոնք վերաբերում են այս կամ այն խնդրին՝ դրամատուրգը նկատեց.

-Բնական է, ջուրը երբ հավաքվում է ու բաց են թողնում, սկզբում անգամ ջրհեղեղի վտանգ է լինում: Ուզում եմ շնորհակալությունս ու հերթական հիացմունքս հայտնել Շանթ Հարությունյանին, ում  կերպարը մեր ժամանակների համար ամենասկզբունքային մարդու կերպարն է: Երկրի ապագայով տագնապած, սթափության կոչ անող նրա հայտարարությանը պետք է ականջալուր լինեն բոլորը: Մեկ անգամ լսենք մարդու, ով կյանքի մեծ մասն արդարության պայքարի համար անցկացրել է ճաղերի հետևում:

Նիկոլայ Ծատուրյանը շարունակելով հավաքների թեման՝ նշեց.

-Ոչ երնեկ Նիկոլին: Այո՛, հավանում եմ նրա մարդկային տեսակը, բայց նրան կուռք դարձնել պետք չէ: Դա փչացնում է մարդուն: Եվ, հետո, մի՛ խանգարեք այս մարդուն: Ամեն ինչ անում եք, որ սկսի հասկանալ՝ Սերժը ճիշտ էր անում, որ ժողովրդին իրենից հեռու էր պահում: Բա կարելի՞ է անընդհատ սելֆի, հարցեր... Բա թոշակս, բա տունս: Հերի՛ք է, էլի:  Զբաղվե՛ք Հայաստանի շինարարությամբ, հերի՛ք է: Այն ժամանակ ասում էիք՝ աշխատենք, կգնա նրանց գրպանը, հիմա գիտեք, որ նպատակային է արվում: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին