▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առնվազն տարակուսելի է...Սերգո Երիցյանը պատասխանել է ԿԳ նախարարին

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում այսօր  գրառում էր կատարել՝ նշելով. «Լեզվի պետական տեսչությունն այն հիմնարկներից է, որը հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 միլիոն դրամ։ Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ հանրային միջոցների գերանարդյունավետ ծախսման մասին»։

 

 

 

 

 

 

 

 

 

Լեզվի պետական տեսչության պետ Սերգո  Երիցյանն արձագանքել է նախարարի գրառմանը. այն ներկայացնում ենք ստորև. 

Ի պատասխան ՀՀ ԿԳ նախարարի դիմատետրի (ֆեյսբուք) էջում արված` 18.05.2018 թ. գրառման:

 

Առնվազն տարակուսելի է, որ նորանշանակ նախարարը, առանց ծանոթանալու Լեզվի պետական տեսչության աշխատանքներին, հրապարակավ հանդես է եկել նման հայտարարությամբ: 

Լեզվի պետական տեսչությունը տարեկան իրականացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ բազմաթիվ վարույթներ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ Երևանում և մարզերում` հնարավոր իրավախախտումները նվազեցնելու նպատակով. լեզվական օրենսդրության պահանջների վերաբերյալ գրավոր իրազեկել է տնտեսավարողներին (2016-2018թթ. 900 իրազեկում), անցկացրել է լեզվավիճակի դիտարկումներ, շրջայցեր, ուսումնասիրություններ:  

         Տեսչությունը սահմանված կարգով միայն 2017 թվականին պատասխանել է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական մարմինների` ավելի քան հազար հարյուր գրավոր ու բանավոր հարցումների, մշակել և շրջանառել է «Լեզվական քաղաքականության 2018-2023թթ. պետական ծրագ­րի» ­նախագիծը, կատարել է զանգվածային լրատվության միջոցների` մասնավորապես, հեռուստատեսության լեզվավիճակի ուսումնասիրություններ:

Հավելենք, որ ՀՀ լեզվի պետական տեսչությունն իրապես կարող էր «100 տոկոսին ձգտող» արդյունք արձանագրել, ի լրումն վերոնշյալ աշխատանքների` կատարել նաև ստուգումներ, եթե նրա գործունեությունը, ի թիվս այլ տեսչությունների,  վերջին տարիներին չարգելափակվեր  ՀՀ Կառավարության` ստուգումները կասեցնելու վերաբերյալ երկու որո­­շումներով: Տեսչական բարեփոխումների հետևանքով առաջացած իրավիճակի մասին ժամանակին պաշտոնապես գրություններ են ներկայացվել ՀՀ նախկին վարչապետներ Տ. Սարգսյանին և Հ. Աբրահամյանին:

Այսպիսով, Լեզվի պետական տեսչությունը բոլոր իրավիճակներում առավելագույնս պաշտպանել է լեզվի շահերը` գործելով համարձակ և աննահանջ, ինչն էլ անելու է այսուհետ:

                                                   ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին