▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է քննարկել Իրանի էներգետիկայի նախարարը Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի առաջիկայում լիարժեք իրացնել երկկողմ կապերում առկա մեծ ներուժը: «Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության: Մենք մեր բոլոր գործընկերների հետ կարևորում ենք փոխադարձ շահերի հիման վրա երկխոսությունը և համոզված ենք, որ հենց այս սկզբունքի ներքո էլ կշարունակեն զարգանալ հայ-իրանական հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով առևտրատնտեսական ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Ռեզա Արդաքանիանը վարչապետին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձն ու Իրան այցելելու հրավերը: Իրանի էներգետիկայի նախարարը գործարար կապերի ամրապնդման հարցում հեռանկարային է համարել ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություններին: Կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը և քննարկել միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին վերաբերող հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:   

Նշենք, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես  ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հարեւան ու բարեկամ Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ համագործակցության հագեցած օրակարգը:

 

 

 

 

 

 

 

 

Նախարար Ռեզա Արդաքանյանը Հանրապետության նախագահին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու նոր հնարավորություններ է ստեղծում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին