▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայումը բխում է Հայաստանի անվտանգության շահից. Էդուարդ Շարմազանով

 

Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը տհաճ է, բայց, միևնույն ժամանակ այն հակառուսական տրամադրություններն ու մեկնաբանությունները, թե Հայաստանից ռուսական ռազմաբազան պետք է հեռացվի վտանգավոր են։ 

Asekose.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անցկացրած զորավարժություններին ու դրան հաջորդած քննարկումներին։

«Վարչապետը որպես գործադիրի ղեկավար իր կարծիքը արտահայտել է, ԱԱԾ պետը խոսել է։ Ես կարծում եմ, որ հայ – ռուսական ռազմավարական հարաբերությունները պետք է հավասար, դաշնակցային սկզբունքների հիման վրա զարգանան բոլոր ուղղություններով, քաղաքականից մինչև ռազմավարական եւ տնտեսական»,– մեզ հետ զրույցում ասաց Շարմազանովը եւ հավելեց, որ համապատասխան մարմինները վեր կհանեն միջադեպի պատճառներն ու այն հանգամանքը, թե արդյոք այն պլանավորված է եղել։

«Ինձ անհանգստացնում են այն գնահատականները, թե Հայաստանին պետք չէ հայ – ռուսական ռազմավարական գործընկերությունը, ես այն ժամանակ էլ, հիմա էլ գտնում եմ, որ 102-րդ ռուսական ռազմաբազան ՀՀ անվտանգության համար կենսական նշանակություն ունի։ Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ այն Հայաստանին հարկավոր չէ, կամ պատկերացում չունեն անվտանգության մարտահրավերների մասին կամ պատկերացում չունեն Թուրքիայի ռազմական դոկտրինի ու նրա իրականացրած պանթուրքիստական ու նեոօսմանական քաղաքականության մասին կամ էլ … չեմ ուզում ասել ինչ»,- ասաց Շարմազանովը եւ կրկնեց, որ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պետք է զարգացնել։

«Հայաստանը պետք է մնա ՀԱՊԿ-ում եւ զարգացնի հարաբերությունները ՀԱՊԿ– ի հետ եւ 102-րդ ռազմաբազան կենսական անհրաժեշտություն է Հայաստանի անվտանգության համար եւ նույնիսկ քննարկումը վտանգավոր է ու հակաազգային հենց ՀՀ շահի համար։ Ռազմաբազայի տեղակայումը բխում է ՀՀ շահերից, իհարկե Ռուսաստանն իր շահն ունի, բայց մենք պետք է նայենք մեր շահի տեսանկյունից։ Այդ քննադատողները կասեն, թե ով է հայ-թուրքական սահմանը պահելու»,– շարունակեց Շարմազանովը, հավելելով, որ ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում ՀՀ պետք է դաշնակցեն այն պետությունների հետ, որոնց զինված ուժերը տեղակայված են տարածաշրջանում։

«Այս դեպքում Ռուսաստանի այլընտրանքը որն է, Թուրքիան եւ ՆԱՏՕ– ն»,– եզրափակեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները, առանց զգուշացման եւ առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Ավելի ուշ ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել առանց զգուշացման զինավարժություն անցկացնելու համար:

 

Կարդացեք նաև՝ Տոնոյանը ՌԴ դեսպանի մոտ կբարձրաձայնի Փանիկում 102-րդ ռազմաբազայի հետ կապված միջադեպը. ՊՆ

Սադրանք է ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և ընդդեմ ՀՀ ինքնիշխանության. Փաշինյանը՝ Փանիկի դեպքի մասին

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին