▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման. Փաշինյանի հարցազրույցը «Զինուժ»-ին

«Շանթ» զորավարժությունների կարևորագույն հարցերից մեկն արձանագրելն է, թե կառավարման նոր համակարգում ինչպես է տեղի ունենալու պետության անցումը խաղաղ պայմաններից ռազմականին: Մենք խնդիր ունենք բարձրացնելու պետական կառավարման մարտունակությունը: Այս մասին ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե իրեն քննադատում էին, որ ՀՀ զինված ուժերում չծառայելով ստանձնում է գերագույն հրամանատարի պաշտոնը՝ Ն. Փաշինյանն ասել է.

«Դժվար և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին համախմբելու անհրաժեշտությունն ու ունակությունն է գերագույն հրամանատարի կարևոր գործառույթը, իսկ մեր ժողովուրդը, ինչպես ցույց է տվել պատմությունը, միասնական է հենց այդ դեպքում, և երբ կա նման հրամանատար, ով ի վիճակի է համախմբելու ազգային ներուժը»:

Բացի այդ վարչապետն ընդգծել է, որ ռազմաքաղաքական բնույթի գիտելիքները պետք է ունենա ցանկացած քաղաքական գործիչ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, տարածաշրջանում լարվածությանը, ապա Ն. Փաշինյանն ընդգծել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանում ռազմական բախումների վտանգավորությունը հենց Եվրոպայի համար: «Պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ կա ըմբռնում ամբողջ առաջադեմ աշխարհում, դա կարելի է նկատել նաև Գերմանիայի կանցլերի՝ Բաքվում արած հայտարարություններից»,-նկատել է նա:

Գալով Ղարաբաղի հարցի կարգավորմանը՝ Ն. Փաշինյանը ասել է, որ նոր կառավարությունն այսօր ծանոթանում է այն ժառանգությանը, որն ինքն ստացել է, և դա բավական ծավալուն աշխատանք է, դրանից հետո պետք է տեղի ունենա այդ ժառանգության գնահատում:

«Մենք պետք է արձանագրենք, որ ես, լինելով ՀՀ վարչապետ, լիազորված եմ ՀՀ անունից բանակցելու Ղարաբաղյան հարցի համատեքստում, բայց լիազորված չեմ բանակցելու Լեռնային Ղարաբաղի հանրապետության անունից, ԼՂՀ ժողովուրդն ունի իր սեփական պետական համակարգը, պետական ներկայացուցիչներ, ովքեր պիտի բանակցեն: Մենք չենք ասում, որ հրաժարվում ենք բանակցել, մենք ասում ենք, որ պատրաստ ենք հնարավորինս էֆեկտիվ ձևով բանակցել, սակայն այդ դիրքորոշումը պետք է հստակ ամրագրել»:

Դիտարկմանը, թե այս հայտարարությունը թշնամաբար ընդունվեց Բաքվում, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մի քանի հայտարարություններում արձանագրվել է այդ գործընթացում Արցախի ժողովրդի վճռորոշ դերը, և իր հայտարարությունները տեղավորվում են հենց այդ հայտարարությունների տրամաբանության մեջ: «Անտրամաբանական կլիներ, որ մտածեինք, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել առանց Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման»:

Ինչ վերաբերում է փոխզիջումների գնալու հարցին, Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է. «Հայկական կողմն իր խաղաղասիրական դիրքորոշումը բազմիցս հայտարարել է, իսկ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման»:

Վարչապետն ընդգծել է՝ ՀՀ-ն որևէ մտավախություն չունի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք ցանկացած սադրանքի ջախջախիչ հակահարված տալ, բայց սա չպիտի մեկնաբանվի, որ մենք հակված ենք պատերազմի: Մենք ասում ենք, որ այո, պատրաստ ենք լրջորեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ուղիները, բայց կարգավորում կարող է տեղի ունենալ, եթե տարածաշրջանում հաստատվի կարգավորման մթնոլորտ»,-շեշտել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին