Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ կներգրավվի քաղաքական գործընթացներում.
«Ինչպես ասում են, նախագահները չեն հեռանում քաղաքականությունից: Տասը տարի ես բավական պասիվ էի: Իմ տեսակետն արտահայտում էի սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնց համաձայն չէի, բայց այլ ակտիվություն չէի ցուցաբերում: Հիմա ես շատ ավելի ակտիվ կարտահայտվեմ: Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, կարող է անձնավորված կամ ոչ անձնավորված լինել: Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում այն բանի մասով, թե ինչ տեղի է ունենում: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում»,- նշել է նա և ավելացրել.
«Կարծում եմ՝ Փաշինյանը զգացել է բողոքական տրամադրություններ և ժամանակին գործել, ինչն էլ հանգեցրել է իշխանափոխության: Դա տպավորիչ էր»,- ասել է Ռ. Քոչարյանը:
Նա նշեց, որ մարդիկ հոգնել էին նախկին իշխանություններից, ինչով էլ պայմանավորված է ամիսներ առաջ տեղի ունեցած զանգվածային շարժումը.
«Հակառակ դեպքում հազիվ թե նման զանգվածային շարժում լիներ: Բայց գիտե՞ք, իշխանության հնարավոր է գալ պոպուլիզմի միջոցով. ժամանակակից պատմության մեջ շատ են նման օրինակները: Այդպիսի իրավիճակներում հեշտ է իշխանության գալը և շատ ավելի բարդ՝ դրանից հեռանալը: Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ հեռանալ պետք է արժանապատվությամբ և իրական արդյունքներով: Չորս ամիսը ցույց է տվել, որ գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են խնդիրներ կուտակվել: Եվ դա քաղաքականություն իմ վերադարձի պատճառներից մեկն է»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ չորս ամիսը բավարար ժամանակահատված է՝ հասկանալու, թե որքանով են իշխանություններն իրավասու, ինչ արժեքների վրա են հիմնվում, և արդյոք կարող են համակարգային աշխատանք կատարել, և այդ ընթացքում նա հասկացել է, որ նոր իշխանությունը «քաոսային է, տնտեսական իրավիճակին չի տիրապետում, չունի գործողությունների հստակ ծրագիր:
Կառավարության կազմը էկլեկտիկ է, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ»:
«Կա բավականին վառ առաջնորդ, սակայն պոպուլիզմի նրա անզուգական ձգտումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Դա ինձ հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմը՝ Ուգո Չավեսի ոճով: Եթե համեմատեք նույնականությունը, ապա դա շատ նման է»,- նշել է Ռ.Քոչարյանը:
Սակայն, ըստ նրա, Փաշինյանը, գուցե, երկնաքար կամ գիսաստղ է, որը շատ արագ այրվում է: