▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփի շնորհավորանքը ՀՀ անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեծարգո վարչապետ,

Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: 

Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը: 

Շնորհակալություն ենք հայտնում տարբեր հարթակներում ձեր հաստատուն գործընկերության, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գործողություններում ձեր մասնակցության և սիրիացի փախստականներին մեծահոգաբար ընդունելու համար: 

 

 

 

 

 

 

 

Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ: 

Այս տարին նաև նշանավորվում է Հայաստանի առաջին հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյակով: Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն այսուհետ առավել կամրապնդվի: Այս առանձնահատուկ հարյուրամյա հոբելյանի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,-ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին