▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք Նոր Հայաստանում պետք է ունենանք նոր և իրական համահայկական հիմնադրամ. Հայկակ Արշամյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին: 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայկակ Արշամյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակմամբ հիմնադրամը նոր կյանք և նոր թափ կստանա: «Տեղյակ եմ, որ այս ընթացքում հիմնադրամի առջև բավականին խնդիրներ են գոյացել և դրանց հրատապ լուծման անհրաժեշտություն կա: Հարկավոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչպես պետք է դրանք լուծվեն: Պարոն Թերզյան, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այս ճգնաժամային շրջանում Ձեր ստանձնած դերակատարման և ջանքերի համար, որպեսզի մենք այս իրավիճակը կարողանանք կառուցողական լուծման բերել: Եվ ընդհանրապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գոյության ողջ ընթացքում ծավալած գործունեության համար: Հույս ունեմ, որ հիմնադրամի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան ներկայացնել և իրականացնել հիմնադրամի զարգացման կոնկրետ ծրագրեր»,- նշել է վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

Պետրոս Թերզյանը ևս շնորհավորել է Հայկակ Արշամյանին հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնալու կապակցությամբ: «Վստահ եմ, որ պարոն Արշամյանը ճիշտ անձ է համապատասխան տեղում և պայմաններում: Հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ անելու այն, ինչ պետք է: Վստահ եմ, որ այս հոյակապ կառույցը, որ այդքան մեծ է ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի տնտեսական վերելքի մեջ, իր առջև ունի մեծ ապագա՝ շնորհիվ Ձեր աջակցության: Կարծում եմ՝ Նոր Հայաստանի պայմաններում պետք է հաղթահարենք դժվարությունները, որոնք վստահ եմ, ժամանակավոր են, և անցնենք նոր հանգրվանի, նոր ծրագրերի իրականացման մեր Հայաստանի ու Արցախի համար»,- ասել է պարոն Թերզյանը: 

Հայկակ Արշամյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հանձնաժողովին՝ իր թեկնածությունը պաշտպանելու համար: «Կարծում եմ՝ հիմնադրամը պետք է վերածել 21-րդ դարի կառույցի, որովհետև այն խնդիրները, որոնք դրված են եղել հիմնադրամի առջև, արդեն մնացել են նախորդ դարում: Այժմ մենք պետք է աշխատենք նաև օգտագործել ոչ միայն թելեթոնները, մարդկանց զանգելով հանգանակություն անելու մեխանիզմները, այլ նաև առցանց հարթակներում փորձենք որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավել, թեկուզ փոքր գումարներ հանգանակել, խոսքը նույնիսկ գնում է 500, 1000 դրամի մասին: Պետք է փորձենք այդպես ողջ հայությանը ներգրավել Հայաստանի զարգացման գործում: Հիմնադրամի գործունեության թիրախներից մեկը պետք է լինի ապահովել Սփյուռքի և ընդհնարապես համայն հայության մասնակցությունը հայաստանյան գործընթացներում: Իմ առջև խնդիր եմ դրել բարձրացնել հիմնադրամի նկատմամբ եղած վստահությունը, որը պետք է դրվի ավելի բարձր մակարդակի վրա, ինչը կապված է նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ: Մենք Նոր Հայաստանում պետք է ունենք նոր և իրական համահայկական հիմնադրամ»,- հավելել է Հայկակ Արշամյանը:

 

 

 

«Կարևոր է, որ այս ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ, ով Հայաստանի Հանրապետության նախագահն է, կարողացանք իսկապես իրականացնել թիմային աշխատանք: Հույս ունեմ, որ սա ոչ թե արձանագրված ցավալի ճգնաժամի հաղթահարումն է, այլ մի նոր էջ հիմնադրամի հեղինակության, գործունեության արդյունավետության բարձրացման և ընդհանրապես որպես ազգային համախմբման կարևոր ինստիտուտ կայացման իմաստով»,- ասել է վարչապետ Փաշինյանը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի հետագա գործունեությանն առնչվող հարցեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին