▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պետք է երաշխավորենք, որ մեր կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում գողեր չկան․ Նիկոլ Փաշինյան

 

Այսօրվա իրադարձության առանցքային մասն այն է, որ ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, կա պնդում, որ որոշումներ կայացնելու պահին ՀՀ քաղաքացիների  տրամադրությունը բարձր է եղել: Բայց դա կապ չունի: Քաղաքացիների տրամադրությունը կարող է մեկ անգամ բարձր լինել, մեկ անգամ՝ ոչ այդքան »,- ասաց նա՝  դիմելով ներկաներին: Հետո ավելացրեց, որ այնուամենայնիվ որոշում կայացնող սուբյեկտի՝ ժողովրդի կամարտահայտության իրավունքը երբեք կասկածի տակ չպետք է դնել,- որոշում կայացնողը ժողովուրդ է»:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանն իսկապես շատ հզոր քաղաք է, և երբեմն կարելի է հուզվել այդ հզորության ներգործության ներքո»,- ասաց նա:

Վարչապետը հիշատակեց Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի անունը՝ նշելով, որ իր համար, նա իսկապես մի նոր էջ է բացել մեր ժողովրդի պատմության մեջ:

 

 

 

 

 

 

 

«Նա իր ընկերների հետ մի մեծ վերածնունդ ապահովեց մեր ժողովրդի համար: Ինձ եթե հարցնեն, թե ովքեր են այն առանցքային մարդիկ, որոնք կերտել են մեր ժամանակակից կերպարը, այն մարդկանց, որոնք դուրս եկան փողոց պայքարելու, ես կասեմ՝ այդ մարդիկ՝ Կոմիտասը, Թումանյանը և Թամանյանն են»,- ասաց նա:

Հետո վարչապետը խոսեց իրենց թիմի առաքելության մասին: «Ո՞րն է մեր հիմնական առաքելությունը, մեր՝ ժողովրդի լիազորությունն ունեցող մարդկանց համար: Ամենակարևորը մարդկանց չխաբելն է, ազնիվ լինելը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնարավոր չէ, որ քաղաքապետը սխալներ թույլ չտա, բայց, ըստ նրա, շատ կարևոր է մարդկանց չխաբելը: «Շատ կարևոր է բացատրել, թե ինչու է սխալը եղել,- նշեց նա,- Մեր ամենակարևոր առաքելությունն է մարդկանց որևէ բանում չխաբելը: Մարդկանց առաջ կանգնելու, ուղիղ աչքերի մեջ նայելու իրավունքը չկորցնելն է»,- ասաց նա՝ նշելով, որ սխալվելուց հետո էլ պետք է ներողություն խնդրել:

Նա նաև նկատեց, որ Երևանում ապրում են հայության բոլոր շերտերը ներկայացնող մարդիկ՝ մեր բոլոր մարզերը, սփյուռքի բոլոր շերտերը ներկայացնող մարդիկ: Նա նշեց, որ Երևանը երկար պատմություն է  ունեցել և այդ տարիների ընթացում՝ տարբեր ժամանակներում մարդկային մի կերպար է դոմինանտ եղել: Այս համատեքստում վարչապետը մատնանշեց այն, որ նոր քաղաքապետի լանջաշղթան ամրացրեցին Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Իսպիրյանը:

«Չգիտեմ, թե ինչպես է դա որոշվել, բայց շատ մեծ սիմվոլ կար, որ քաղաքապետի սիմվոլը հանդիսացող շղթան հանձնեցին Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Իսպիրյանը: Սա մեր պատկերացումն է նոր Հայաստանի, նոր մայրաքաղաքի քաղաքացու դոմինանտ տեսակի վերաբերյալ»,- ասաց նա:

Այնուհետ նա հավելեց, որ իրենց պատկերացմամբ, նոր Հայաստանում, նոր Երևանում մարդկային էտալոնը պետք է լինեն նրանք, ովքեր հարգալից են օրենքի, կրթության նկատմամբ, ովքեր ունեն ուրիշներին, իրենք իրենց հարգելու ընդունակություն:

«Մենք պետք է երաշխավորենք, որ մեր կառավարությունում, Երևանի քաղաքապետերանում գողեր չկան, ովքեր գողանում են ժողովրդի վճարած հարկերը: Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իրենից չեն գողանում»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ  իր քաղաքական թիմին ուղղված ամենամեծ դիտողությունն այն է, թիմը շատ երիտասարդ է: «Բայց ես կարևոր եմ համարում, որ այդ երիտասարդների ներկայությունը որևէ կերպով չմեկնաբանվի որպես ավելի տարեցների կարողությունների ժխտում: Մենք մեզ պետք է համարենք մեր ամբողջ ժողովդի երազանքների կրողը: Մենք հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր երազում են և պատրաստ են համազգային երազանքներն իրականություն դարձնելու գործին նվիրվել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի նկատառմամբ՝ ՀՀ քաղաքացիների ամենամեծ պահանջը խաբված և անարգված չլինելն է: «Մեր ամենամեծ առաքելությունը եղել է, և կա, ներշնչել մեր քաղաքացիներին վստահություն սեփական ուժերի նկատմամբ, օգնել, որ նրանք ոտքի կանգնեն և հպարտ, ազատ և երջանիկ քայլեն դեպի մեր ժողովրդի մեր ազգային երազանքների իրականացմանը»,- ասաց նա:

Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Հայկ Մարությանին և մաղթեց արդյունավետ աշխատանք՝ Երևանին, ՀՀ ժողովրդին և ՀՀ-ին ծառայելու գործում: «Ի գործ, ի գործ, ի գործ» ,- ավարտեց իր խոսքը նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին