▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն արժևորում է Իրանի հետ բարձր մակարդակի երկխոսությունը. Զոհրաբ Մնացականյան

 

 

ՀՀ ԱԳ նախարարի խոսքը Իրանի Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ ընդունելությանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձերդ գերազանցություն,

Մեծարգո պարոն դեսպան,

Ողջունում եմ իմ բազմաթիվ գործընկերներին, կառավարության անդամներին, խորհրդարանի անդամներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին  և Իրանով զբաղվող և նրանով հետաքրքրվող, երկկողմ հարաբերություններում անմիջապես ներգրավված մեր բազմաթիվ գործընկերներին: Այս բազմամարդ ներկայությունն արտահայտում է այն վերաբերմունքը, որ Հայաստանն ունի մեր հարևանի և մեր մեծ բարեկամի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ:

Ջերմորեն շնորհավորում եմ Իրանի բարեկամ ժողովրդին` Իսլամական հեղափոխության 40-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Գիտենք, թե ինչ մեծ կարևորություն և խորհուրդ ունի այս տոնը Իրանի բարեկամ ժողովրդի համար, և այս ընդունելությունն էլ մաս է կազմում այն մեծ տոնակատարությունների, որոնք այս օրերին կազմակերպվում են Իրանում և նրա սահմաններից դուրս։  

Հայաստանն ու Իրանը տարածաշրջանի հնամենի և հարուստ քաղաքակրթությունների ժառանգներն են, որոնց հազարամյակների հարևանությունը կապել է բազմաթիվ ամուր թելերով: Դա նախ և առաջ հարուստ համատեղ պատմությունն է, խոր հարգանքը երկու ժողովուրդների միջև, հոգածությունը միմյանց մշակույթի նկատմամբ և այս կուռ հիմքի վրա խարսխված բարիդրացիական փոխգործակցությունը:  

Թեև նորօրյա միջպետական կապերն ընդամենը մի ակնթարթ են մեր երկու ժողովուրդների  հինավուրց փոխհարաբերությունների շտեմարանում, սակայն, անկախությունը վերստին կերտած Հայաստանի համար դրանք բնորոշում են հաստատման ու կայացման մի կարևորագույն փուլ, որտեղ Իրանը հանդիսացել է մեր անփոխարինելի ուղեկիցը:

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը, հատկապես այսօր,  կարող է ի ցույց դրվել, որպես տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների միջև միջմշակութային երկխոսության ու համակեցության վառ օրինակ և խորհրդանիշ տարբեր տարածաշրջաններում խաղաղության ու կայունության հաստատման համար:   

Հայաստանն արժևորում է Իրանի հետ ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական սերտ համագործակցությունը, մշակութային, գիտակրթական կապերը, մարդկանց միջև շփումները, փոխգործակցությունը շատ այլ ոլորտներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն ամրապնդվել և զարգանալ՝ արձանագրելով փոխշահավետ համագործակցության նոր ձեռքբերումներ:

Պարո՛ն դեսպան,

Ուզում եմ նաև անձամբ Ձեզ շնորհակալություն հայտնել՝ Ձեր ներդրման համար մեր երկու ժողովուրդների, մեր երկու պետությունների միջև առավելություններն ամրապնդելու գործում: Այս տեսահոլովակը, որ դիտեցինք, մի կարճ պատմություն էր այն մեծ աշխատանքի մասին, որ Դուք Ձեր կողմից և մենք ու մեր գործընկերներն այստեղ, մեր դեսպանն Իրանում ներդնում ենք, որպեսզի էլ ավելի հարստացնենք այն, ինչ որ կառուցվել է դարերով: Մենք ունենք մեր պատասխանատվությունն այդ երկկողմ հարաբերություններն առավել հարստացնելու և խորացնելու համար:  

Դուք արդեն նշեցիք այն հարուստ օրակարգը, որ մեր երկու երկրներն ունեն, և ես միայն վերահաստատում եմ այդ օրակարգը, այն նպատակները, որ մեր առջև դրված են, և որոնք մենք մտադիր ենք միասին իրականացնել:

Իրանի Իսլամական Հանրապետության այս կարևոր տոնի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ Իրանի ժողովրդին, Իրանի բարձր ղեկավարությանը և կառավարությանը, դեսպանության աշխատակիցներին և անձամբ Ձեզ, պարո՛ն դեսպան՝ մաղթելով հարատև խաղաղություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ:   

Շնորհակալություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին