▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակության վերացումը հեղափոխական տնտեսության արդյունք չէ. Մանե Թանդիլյան

Ազգային ժողովում շարունակվում է կառավարության ծրագրի նախագծի քննարկումը, որի ընթացքում ելույթ է ունեցել  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն, ով  մտահոգություն է հայտնել, որ քաղաքացին սկսել է կորցնել վստահությունը իր ապագայի նկատմամբ. «Խոսքս կառավարության նկատմամբ վստահության մասին չէ, իմ մտավախությունը սեփական ապագայի նկատմամբ վստահության նվազման մասին է: Վստահությունը սեփական ապագայի նկատմամբ, սեփական երկրում. սա այն է, ինչ մենք պետք է պաշտպանենք և դողանք դրա վրա»,- ասել է Թանդիլյանը: Ընդդիմադիր պատգամավորը, անդրադառնալով կառավարության ծրագրին, առաջնահերթ խոսել է ներդրումների մասին՝ հարցադրում անելով ինչու՞ պետք է օտարերկրյա որևէ ներդրող ներդրում անի Հայաստանում: Ըստ նրա՝ միայն օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի բացակայությունը չեն կարող նպաստել օտարերկրյա ներդրումներին, դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: «Եվ այստեղ է անհրաժեշտությունը՝ ունենալ այնպիսի ծրագիր և ռազմավարություն, որը կայուն զարգացում կապահովի և ներդրողի եկամուտների, շահույթների վերադարձ»,- նշել է պատգամավորը: Ինչպես կառավարության ծրագրի մյուս ընդդիմախոսները, Մանե Թանդիլյանը ևս ընդգծել է, որ կառավարության ծրագրում թվեր չկան, և ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունքները չափելու համար թվեր էին անհրաժեշտ. «Երբ կառավարության անդամները կամ Նիկոլ Փաշինյանը կգան և կասեն՝ այս տարի 2 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, դուք չեք կարող հարց տալ և ասել՝ բայց ինչու՞ այդպես ստացվեց, չէ՞ որ ծրագրում 5 տոկոս աճ էր նախանշված»,- նշել է Թանդիլյանը:

 

 

Խոսելով աղքատության հաղթահարման մասին՝ Մանե Թանդիլյանը նշել է, որ կարևորում է Նիկոլ Փաշինյանի կողմից դա որպես ցուցանիշ ընդունելը, ինչպես նաև հինգ տարվա ընթացքում ծայրահեղ աղքատության վերացման մասին շեշտելը. «Երբ որ հարցս փորձում էի պարզաբանել, ցանկանում էի նշել՝ ծայրահեղ աղքատ չի լինելու, դառնալու է ի՞նչ, աղքա՞տ: Այսինքն՝ 25,7 տոկոս աղքատությունը պահպանվելու՞ է, թե՞ նվազելու: Արդյոք սա որպես տնտեսական հեղափոխության հետևանք և չափելի ցուցանիշ թիրախավորվա՞ծ է: Իմ տպավորությամբ՝ ոչ, որովհետև ծայրահեղ աղքատությունը խայտառակություն է, և խայտառակության վերացումը ինձ համար հեղափոխական տնտեսության արդյունք չէ»,- ասել է Մանե Թանդիլյանը: 

Մանրամասն՝ տեսանյութում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին