▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին:

Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներին: Այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին: Նա առանձնակի կարևորել է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը:

 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմամբ ու ընդլայնմամբ: 


Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին և ժողովրդական հեղափոխությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական կանոններով տեղի ունեցած գործընթացներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային տարբեր խնդիրների: Նիկոլ Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ Պարոն Լարիջանին ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վերջին անգամ Իրանի Մեջլիսում եղել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում կատարած այցի շրջանակում, որից պահպանում է ջերմ և հաճելի հիշողություններ: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում: Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը և այդ գործում կարևորել նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը:

 

Այդ առումով զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա ամրապնդմանն իր նպաստն է բերում նաև օրենսդիր մարմինների համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման արդյունքներից՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ալի Լարիջանին իր հերթին ընդգծել է, որ Իրանի խորհրդարանը դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում: Նրա խոսքով` առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այս համատեքստում նշվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագրի կարևորությունը և փաստաթղթի վավերացումը խորհրդարանների կողմից:

Կողմերը կարևորել են նաև զբոսաշրջության և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին