▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Հարությունյանը ստանձնել է Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուի պաշտոնը

Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը վերադառնում է դիվանագիտական աշխատանքի:

 «2010 թվականին ՀՀ ԱԳՆ-ից գործուղվեցի ՀՀ Նախագահի աշխատակազմ, որի շնորհիվ մասնագիտական գործունեության նոր ասպարեզ բացվեց իմ առջև: Այդ տարիների ընթացքում եղել եմ մեր պետության արտաքին քաղաքական բազմաթիվ կարևոր իրադարձությունների ականատեսն ու դրանց նախապատրաստման մասնակիցը: Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին այդ պատվաբեր հնարավորությունն ինձ ընձեռելու համար:

Այժմ եկել է իմ բուն մասնագիտությամբ և կյանքի գործով նորից զբաղվելու ժամանակը: Ցանկությունս է վերադառնալ դիվանագիտական ծառայություն՝ գիտելիքս և փորձս Հայաստանի Հանրապետությանն ի սպաս դնելու համար: Այս հարցը քննարկել եմ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ` խնդրելով ազատել ինձ գրասենյակի պատասխանատուի աշխատանքից:

ՀՀ երրորդ Նախագահի որոշմամբ իր գրասենյակի պատասխանատուի պարտականությունները կստանձնի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ ունեցող իմ գործընկեր Մերի Հարությունյանը: Բարի երթ և հաջողություն եմ մաղթում, Մերի ջան»,-գրել է Նաիրի Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

 

«Շնորհակալություն, Նաիրի՛ ջան` իմ բարեկիրթ և հրաշալի գործընկեր ու ընկեր: Հաջողություն քեզ հետագա գործունեությանդ մեջ` ի նպաստ մեր պետության, որի համար քո մասնագիտական զգալի փորձն ու գիտելիքները, վստահաբար, միայն օգտակար կլինեն»,-գրել Մերի Հարությունյանը՝ Նաիրի Պետրոսյանի գրառման ներքո, իսկ իր ֆեյսբուքյան էջում  հետևյալ գրառումն է կատարել.

«Շնորհակալությամբ և մեծ պատասխանատվությամբ առաջիկայում կստանձնեմ ՀՀ պաշտոնաթող Նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի պաշտոնը: Այն ինձ համար պետական ծառայության յուրօրինակ շարունակություն է:»

1995-1997 թվականներին՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրատվավերլուծական, քաղաքական բաժնի լրագրող։

1997-1999 թվականներին՝ Հայաստանի ազգային հեռուստատեսության «Լրաբեր», այնուհետ՝ «Հայլուր» լրատվական, վերլուծական ծրագրերի լրագրող։

1999-2000 թվականներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող «Ձեռագիր» լրատվական, վերլուծական հեռուստածրագրի ղեկավար, մեկնաբան։

2000-2008 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՀՀ կառավարության «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրի լիազոր ներկայացուցիչ։

2008 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ (քաղաքացիական ծառայողի կարգավիճակով)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից։

2009 թ. մարտի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն ։

2009-2010 թվականներին եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։

2010 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2018թ. հուլիսի 1-ը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետը:

2013 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

2011-ին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին