▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԶԵԲ-ն ու ԵՄ-ն ցանկանում են աջակցություն ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

«Մենք նախագահի, իսկ ավելի վաղ նաև վարչապետի հետ քննարկել ենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Հայաստանի միջև հարաբերությունների ապագան: Այս հարաբներությունները կառուցվել են երկար տարիների հաջողված համագործակցության հիման վրա: Օրինակ, նախորդ տարի մենք կարողացանք 17 մլն եվրո ներդրում անել մեր 12 նախագծերում: Այս տարի ևս կարևոր ծրագրեր ունենք իրականացնելու:Այս տարվա մեր կարևորագույն անելիքներից է Հայաստանում առաջիկա 5 տարիների համար ՎԶԵԲ-ի կողմից ներդրումներ անելու նոր ռազմավարության մշակումը: Մենք մտադիր ենք ռազմավարության կառուցումն իրականացնել կառավարության տնտեսական հեղափոխության մոտեցման շուրջ: Ուստի մենք այժմ աշխատում ենք այս ուղղությամբ, որը ներառելու է ենթակառուցվածքների, էներգետիկ արդյունավետության և շատ այլ ոլորտներ: Հուսով եմ, որ այս հիանալի երկրում կկարողանանք աշխատանքներ իրականացնել նաև մշակութային ժառանգության ոլորտում»,-հանդիպումից հետո հարցազրույցում նշել է ՎԶԵԲ նախագահը:Նշենք, որ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպին:

«Հայաստան կատարած իմ այցի նպատակն է խորացնել հարաբերությունները, մասնավորապես թվային հարաբերությունները Հայաստանի և Եվրամիության միջև: Բոլորը Եվրամիությունում գիտեն, որ վերջին տարիներին Հայաստանում իսկապես սրընթաց թվային զարգացումները են տեղի ունենում:

Ես ինքս պետք է խոստովանեմ, որ իմ առաջին համակարգիչը «Նաիրի» համակարգիչն է եղել, երբ սովորում էի Տարտուի համալսարանում: Այսինքն, արդեն 1980-ական թվականներին ես առնչվել եմ թվային Հայաստանի հետ:

Եվրամիությունում մենք կառուցում ենք թվային միասնական շուկա: Մենք կարողացել ենք ավելի քան 20 տարի առաջ Եվրամիությունում ֆիզիկական առումով կառուցել միասնական շուկա, և բոլորը շահեցին դրանից: Սակայն թվային միասնական շուկան, ցավոք, գոյություն չուներ: Ուստի այժմ՝ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք կարողացել ենք հաղթահարել այն արգելքները, որոնք բաժանում էին ԵՄ անդամ երկրներին: Մենք այժմ ԵՄ-ում շատ ավելի մոտ ենք թվային միասնական շուկային:

Ներդաշնակեցված թվային միասնական այս շուկան շատ կարևոր է ԵՄ համար: Միաժամանակ այն շատ ավելի օգտակար է բոլորիս համար, քանի որ դրա շնորհիվ մենք հնարավորություն կունենանք իրականացնել տեղեկատվական հոսքեր ԵՄ-ի և Հայաստանի միջև: Տեղեկատվությունն այստեղ՝ Հայաստանում  պետք է պաշտպանված լինի, ինչպես նաև պետք է պաշտպանված լինի Հայաստանի բնակչության մասին տեղեկատվությունը Եվրամիությունում: Ուստի հնարավոր է խորացնել այս հարաբերությունները:

Մենք ցանկանում ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցող թվային զարգացումներին:

Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ բարձր արագությամբ: Եվ կարծում եմ՝ մենք կարող ենք համագործակցել տարբեր ոլորտներում, որոնք կարող են նպաստել այդ զարգացումներին»,-հանդիպումից հետո հարցազրույցում նշել է Անդրուս Անսիպը:

 

Նշենք, որ Անդրուս Անսիպին ու Սումա Չակրաբարտիին երեկ ընդունել էր նար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին