▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը չի ընդունում Բաքվի կողմից առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչող հայտարարություններն ու մոտեցումները

Բաքվի առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները դատապարտելի են։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

«Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա է արտացոլված նաեւ համանախագահների վերջին հայտարարության մեջ:

Հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից:

 

 

Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել եւ մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» եւ այլն: Ավելին, երկրների ղեկավարների միջեւ հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների:

Այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է մեր տարածաշրջանում երկխոսության, հանդուրժողականության եւ փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձեւերով հանգուցալուծման:

 

 

Նման հռետորաբանությունը, ինչպես նաեւ առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչող հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում նման մոտեցումները, ինչպես նաեւ զենքի փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը:

Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը եւ սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը: Մեր այդ հանձնառության վառ ապացույցներից է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խաղաղության գործընթացը ոչ թե կասեցվեց, այլ` նոր դինամիկա ստացավ:

 

 

Խաղաղության մթնոլորտի ձեւավորումը, ռիսկերի նվազեցման եւ միջադեպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական»,– գրել է Աննա Նաղդալյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին