▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳ նախարար Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար

Ապրիլի 16-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց նախորդ օրը հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար:

Տեղի լրատվամիջոցների հետ զրույցում նախարար Մնացականյանը նշեց. «Ինչպես բոլորն աշխարհում, մենք Հայաստանում նույնպես խորապես վշտացած ենք հրդեհի լուրով, որը մեծ վնաս պատճառեց պատմական ժառանգության այս հսկայական կոթողին, ավելի քան 850 տարվա ժառանգությանը, որն այդքան մարդկանց է խորհրդանշում: Սա ֆրանսիական ներդրումն է մարդկության հավաքական քաղաքակրթության մեջ,  և ես վստահ եմ, որ բոլորիս աջակցությամբ Ֆրանսիան կկարողանա պահպանել այս անկրկնելի նմուշը, մարդկության պատմական, մշակութային և քաղաքակրթական ժառանգության այս հրաշալի կոթողը:

 

 

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, կառավարությանը: Այստեղ եմ եկել՝ վերահաստատելու մեր աջակցությունը՝ միասին աշխատելով նորից տեսնելու այս գեղեցիկ հուշարձանը լիովին վերականգնված, վերանորոգված, որպեսզի ապագա սերունդներին նույնպես հասանելի լինի հպարտության այն զգացումը, թե մարդկությունը ինչ ձեռքբերումներ է արձանագրել, թե ինչ ժառանգության մասին է խոսքը: Մենք ակնհայտորեն հանձնառու ենք համատեղ աշխատելու այս ուղղությամբ»:

 

Նշենք նաև, որ այսօր  Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի հետ:

Նախարար Մնացականյանը նշեց, որ իր այցը լավ հնարավորություն է՝  անդրադառնալու հայ-ֆրանսիական հարաբերությունների լայն օրակարգին, երկու ժողովուրդների միջև առկա ավանդական սերտ բարեկամությանը, որի զգացողությունն ամենուր է:  

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս առնչությամբ զրուցակիցները բարձր գնահատեցին խորհրդարանական դիվանագիտության դերը՝ վերահաստատելով այդ ոլորտում սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը: Զոհրաբ Մնացականյանը Մարիել Դը Սարնեզին տեղեկացրեց ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամության նորաստեղծ խմբի մասին՝ ընդգծելով, որ հայկական կողմը ջանք չի խնայելու երկու երկրների բարեկամության և պատմական հարուստ ավանդույթների վրա հիմնված կապերի առավել սերտացման համար:

 

 

Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-ֆրանսիական բազմաոլորտ փոխգործակցության  շրջանակներում ձևավորված սերտ կապերը տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներն ունեն զարգացման և առավել խորացման մեծ ներուժ:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ինչպես Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման, այնպես էլ՝ ԵՄ և Եվրամիության անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության խթանման առումով:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին