«Այս տարի մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության անունից ներողություն հայցեց բոլոր զոհերի հարազատներից, տուժածներից և անարդարությանը բախված բոլոր քաղաքացիներից: Այժմ Ազգային ժողովի հերթն է, որ մե՛նք ընդունենք ու ճանաչենք տուժածների տարիների տառապանքը:
Այսօր ԱԺ-ում քննարկվեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման մասին նախագիծը:
Ահա, մի քանի հիմնավորում և պարզաբանում նախագծի վերաբերյալ:
✅ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆԱԽԱԳԾԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ: Նշված իրադարձությունների ժամանակ զոհված անձանց իրավահաջորդները և այն անձինք, որոնց առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնասվածք: Շահառուների շրջանակն այս պահին հայտնի է այնքանով, որքանով որ իրավապահ մարմինների մոտ առկա են տուժածների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: Եթե կլինեն այլ տուժած անձինք, որոնք նախկինում չեն հայտնել իրենց մասին, ապա պետք է դիմեն իրավապահ մարմիններին և ներկայացնեն իրենց վերաբերող ապացույցներ: Այդ անձինք նաև գործում կներգրավվեն որպես վկա:
✅ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ: Աջակցության տրամադրման ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ՝ օրենքը ուժի մեջ մտնելուց 3 ամսվա ընթացքում: Աջակցության տրամադրման ժամկետը կսահմանվի նշված կառավարության որոշմամբ: Իսկ օրենքի գործողության ժամկետը մինչև 3 տարի է:
✅Ի՞ՆՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ: Այս նախագծի ընդունումը ունի և՛ պետական, և՛ մասնավոր նշանակություն: 1. Նախ մենք վերահաստատում ենք պետության դերը՝ որպես քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական իրավուքնների, ազատությունների և ժողովրդավարական արժքեների պաշտպան ու երաշխավոր: 2. Մենք քայլ ենք անում հանրային համերաշխության հաստատման, պետություն-քաղաքացի վստահության վերականգնման ուղղությամբ և այս վերաբերմունքով տուժածներին և ընտանիքներին հանգստություն ձեռք բերելու ու հոգսերը մեղմելու հնարավորություն ենք տալիս:
✅Եվ վերջապես այս նախագիծը համահունչ է Ազգային ժողովի օրակարգում գտնվող անցումային արդարադատության շրջականերում ձեռնարկվելիք այն միջոցների և հնարավորությունների ստեղծման նպատակին, որը նպատակաուղղված է քաղաքացիների սահմանադրական խախտված իրավունքների և ազատությունների, քաղաքացիական համերաշխության և պետական ինստիտուտների հանդեպ վստահության վերականգնմանը:
Երկրորդ ընթերցումից հետո նախագիծն ուժի մեջ կմտնի մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում: Իսկ կառավարության որոշման մշակման աշխատանքներն արդեն իսկ վաղը կմեկնարկեն»,-գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացելով իր ելույթը ԱԺ-ում: