▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիպել են երկու հայկական պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարները

 

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:

Ողջունելով գործընկերոջն Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանը նշել է, որ վերջին շրջանում հանդիպումները հաճախակի բնույթ են կրում եւ այսօր էլ 7-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ հրավիրվում է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը:

ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ` Երեւանում հրավիրված նիստի օրակարգը հագեցած է եւ թույլ կտա բացահայտելու փոխգործակցության նոր հեռանկարներ ու ձեւաչափեր: Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԱԺ խորհրդարանականներն այսուհետ եւս շարունակելու են Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցը հնարավորինս բարձրացնել միջազգային խորհրդարանական հարթակներում:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը նոր հեռանկարներ է բացել միջազգային կազմակերպություններում ԼՂ հիմնահարցը բաձրաձայնելու համատեքստում:

Աշոտ Ղուլյանն իր հերթին բարձր է գնահատել միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկումները հնարավորություն կտան արդյունավետ կիրառելու առկա չօգտագործված ներուժը եւ անցնել առավել գործնական քայլերի:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության առաջիկա օրակարգը, օրինաստեղծ գործընթացում փոխգործակցությունը, խոսել փորձի փոխանակման եւ փոխադարձ այցերի կարեւորության մասին: Նրանք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն Արցախի հիմնախնդրի արդար լուծման գործում, արժեւորել համատեղ ջանքերը՝ ուղղված համահայկական խնդիրների առաջմղմանը:

Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներեքերորդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին