▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել ընդհանուր ՀՀ-ԵՄ հարաբերությունների և մասնավորապես երկկողմ ծրագրերի ներկա փուլը, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարը քննարկելու համար: 

Փոխվարչապետը ներկայացրել է հյուրերին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի մշակման ամփոփման ընթացքը և անդրադարձել է իր գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: 

 

 

 

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև արդարադատության ոլորտում Կառավարության ծրագրած բարեփոխումներին՝ համարելով դրանք առաջնային երկրի զարգացման տեսանկյունից: 

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է այցի ընդլայնված օրակարգը և նպատակը, ինչպես նաև տեղեկացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որ Եվրոպական միությունը 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով, ընդհանուր առմամբ՝ կազմելով 65 մլն եվրո, ինչը գերազանցում է 2018թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը 29 մլն եվրոյի չափով: Ավելացված ռեսուրսները աջակցելու են Հայաստանին առանցքային ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում, այդ թվում՝ ՀԸԳՀ իրավական մոտարկման շրջանակներում: 2019 թվականի համար նախատեսված ծրագրերը իրականացվելու են էներգաարդյունավետության, բնապահպանության ոլորտներում, աջակցելու են համայնքային զարգացմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ենթակառացվածքային ներդրումային ծրագրերին: 

Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու և դրան մասնակից լինելու համար:

 

Նշենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչներին՝ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմի գլխավորությամբ:

 

 

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու շվեդական կողմի պատրաստակամության համար: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Շվեդիայի պես գործընկերոջ հետ հարաբերությունները խորացնելու յուրաքանչյուր հնարավորություն բարձր է գնահատվում Կառավարության կողմից: Փոխվարչապետը անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության շրջանակին և հյուրերին հակիրճ ներկայացրել Կառավարության գերակայություններն ու երկրում կատարվելիք բարեփոխումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ առաջնային են դատաիրավական բարեփոխումները և ժողովրդավարական ինստիտուտների ամրապդնմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումները: Դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության և Կառավարության գերակայությունների համապարփակ ներկայացման համար: Այնուհետև դեսպանը խոսքը փոխանցել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության Եվրոպայի և Լատինական Ամերիկայի վարչության փոխտնօրեն Քրիստինա Հարթլերին, ով ներկայացրել է գործակալության նպատակները և աջակցության ծրագրերի հիմնական երեք ուղղությունները՝ բնապահպանություն, ժողովրդավարություն և տնտեսության զարգացում: Փոխվարչապետը խոսել է Հայաստանում նշված երեք ուղղություններով առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ նախանշված բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում հնարավոր է զարգացնել համագործակցությունը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ: Մհեր Գրիգորյանը խոսել է Հայաստանի համար ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորության մասին, հյուրերին հայտնել, որ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը շուտով կհաստատվի և, օգտվելով առիթիվ, իր երախտիքի խոսքն է փոխանցել Շվեդիայի իշխանություններին ՀԸԳՀ վավերացման համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների շուրջ, անդրադարձել թվայնացման կարևորությանը: Հանդիպման մասնակիցները խոսել են հայ-շվեդական երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունների և հեռանկարի շուրջ՝ հույս հայտնելով, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ կհանդիսանա հարաբերությունների հետագա ընդլայնման համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին