▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրից հելանք, մրջուրն ընկանք․․․Արմեն Ռուստամյան

Եթե մենք հանրահավաք ենք գումարում, նշանակում է՝ երկրում մի բան այն չէ, այսօր Ազատության հրապարակում իր ելույթում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։

Կուսակցականի խոսքով, այս հանրահավաքի նպատակն է՝ ահազանգել իշխանություններին, որ այսպես շարունակել չի կարելի։

«Մենք ընդհուպ մոտեցել ենք անշրջելիության կետին, այն կետին, որից հետո կորուստներն անդասռնալի են լինում։ Իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ ժողովրդի սպասումներին, այլև առաջացնում է նոր վտանգներ և կուտակում է նոր խնդիրներ։ Սա մի սպառնալիք է, որն այս ինքնահավան ու ինքնագոհ իշխանությունը չի զգում ու չի էլ պատրաստվում դրա դեմն առնել։ Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացեք, դուրս եկեք ձեր ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից», - հայտարարեց Ռուստամյանը։

 

Նախկին պատգամավորը նկատեց, որ այս իշխանությունների մեկամյա գործունեությունն է իրենց ստիպում հայտարարել՝ սթափվելու պահն է։ Նրա խոսքով, համաժողովրդական շարժումը վաղուց չունի իր սկզբնական թափը։ Քաղաքական գործիչը եզրակացրեց՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ շարժման առաջնորդը շարժումը սկսում է փոխարինել իրենով։


«Արդյունքում առաջ-առաջ գոռալով հետ ենք գնում անընդհատ, քանզի կրկին վերադառնում ենք միանձնյա ու միահեծան կառավարմանը, մենիշխանությանը, բայց այս անգամ՝ իբրև թե ժողվրդի կամքով ու պահանջով։ Հասել ենք այնտեղ, որ արդեն պարբերաբար ժողովրդի անունով կարելի է տապալել սահմանադրական կարգը, շրջանցել օրենքներն ու կասեցնել ցանկացած պետական մարմնի լիազորություն։ Սա գուժում է սահմանադրական պետության վերջի մասին։ Հենց այս դեպքերի համար է ժողովուրդն ասում՝ «մրից հելանք, մրջուրն ընկանք» », - հայտարարեց Ռուստամյանը։

Նա նկատեց, որ այս հանրահավաքով մեկնարկելու է «երկրի զարգացումը բնականոն հուն տեղափոխելու համար իշխանություններին հակակշռելու և զսպելու քաղաքական և քաղաքացիական հետևողական մի գործընթաց»։

 

«Սա նշանակում է՝ ոչ միայն սկսել դեղին քարտերի մի շարժում և իշխանության ամեն սխալ, վտանգավոր քայլի համար իշխանությանը դեղին քարտ ցույց տալ, այլև ցույց տալ, որ Հայաստանի հայության համար երկրի զարգացման բնականոն հունը։ Սա բխում է այն պարզ իրողությունից, որի մեջ գտնվում են Հայաստանն ու Արցախը», - նշեց Ռուստամյանը։

Նա հորդորեց իշխանություններին լրջանալ, ստանձնել իրենց բաժին հանձնառությունը, իրականացնել ծրագրային բարեփոխումներ, հակառակ դեպքում դեղին քարտերը կարմիր կդառնան։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին