▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում երբեք հեղափոխություն չի եղել. Գալուստ Սահակյան

Այսօր Հայաստանում քաղաքական գործընթացներ չկան, քաղաքականությամբ զբաղվում են միայն Հանրապետականները, մյուսները հավաքվել են եւ մտածում են ինչ–որ մի բան անելու մասին։ Այս մասին  հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։

«Երկիրը չունի խորհրդարան, չունի կառավարություն, միայն Նիկոլն է, որը կարողանում է իր մոտեցումներով ինչ–որ բան անել։ Ժողովուրդն էլ մտածում է, որ ինչ-որ մի լավ բան է անում, եկեք մենք էլ մտածենք, որ ինչ-որ լավ բան է անում»,–նշեց նա։

Գալուստ Սահակյանը շեշտեց՝ Հին կամ Նոր Հայաստան չկա. «Երբեմն ասում են Նոր Հայաստան, Հայաստանը մեկն է, 500 տարիներում երբեք չի փոփոխվել, մեկ Հայաստան գոյություն ունի, չկա Նոր Հայաստան, չկա Հին Հայաստան, որովհետեւ մեր ազգի ողջամտությունը, խորհուրդը հենց կայանում է դրանում»։

 

 

Դիտարկմանը, թե եթե երկրում չկա խորհրդարան եւ կառավարություն, ապա ինչ սահմանադրական ճգնաժամ է երկրում, ԱԺ նախկին նախագահն արձագանքեց. «Անհեթեթ մոտեցումներ են, որին մենք չենք էլ պատասխանում։ Բայց երբեմն–երբեմն փորձում ենք ինչ–որ ձեւով պատասխանել։ Մեր երկիրը ունի Սահմանադրություն, եւ կարծում եմ՝ այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են մեր ժողովրդին, դրանք ինչ–որ ժամանակ պետք է գան հանգուցալուծման, իսկ ես կարծում եմ՝ դրանք դրական գործոններ են մեր ազգի համար»։

 

Իսկ հարցին՝ հեղափոխությունից հետո երկրում դրական փոփոխություններ նկատելի՞ են իր համար, Գալուստ Սահակյանն ասաց. «Հայաստանում երբեք հեղափոխություն չի եղել, հեղափոխություններ երբ լինում են, դրանք ունենում են որոշակի որակներ հետագայի համար։ Մեր ժողովրդի ապրելակերպի համար չկան հեղափոխություններ, չկան մոտեցումներ, մենք մի խնդիր ունենք՝ ունենալ հայոց պետություն, մեր ժողովուրդը պետք է կարողանա հասկանալ՝ ինչ է դա նշանակում։ Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Մենք երբեք չեն ընդունում որոշակի դրսեւորումներ, որոնք մեր ազգային մոտեցումներից այն կողմ է անցնում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին