▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆՈՔԱ ԱՆՑԵԼ ԵՆ ԱՅԼԵՎՍ ԼԿՏԻ ՇԱՆՏԱԺԻ ԼԵԶՎԻՆ. Նիկոլ Փաշինյան

Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական  խմբակցությանանդամ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր բլոգում` անդրադառնալով իր վերաբերյալ վերջին հրապարակումներին:

Նիկոլ Փաշինյանի գրառումը ներկայացնում ենք ` առանց մեկնաբանությունների ու խմբագրման.


Դոդամերձ կամ մերձդոդյա մի շարք կայքեր վերջերս հատուկ ուշադրության կենտրոնում են պահում իմ համեստ անձը: Իրենց նպատակները անիրագործելի գտնելով «քաղաքագիտական վերլուծությունների» ժանրում՝ նոքա անցել են այլեւս լկտի շանտաժի լեզվին: Ինչպես պարզվեց օրերս, սկսել են սպառնալ, թե ինձ վարկաբեկող տեղեկություններ կհրապարակեն եւ սա անում են ընդամենը մեկ ամիս անց այն բանից, երբ նման մի տապալված փորձեց արեց Նեմեց Ռուբոն՝ իր տխրահռչակ հարցազրույցում: Դոդամերձ կամ մերձդոդյա կայքերի շանտաժի հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.

 

1.Այդ կայքերը ոչ թե հրապարակում են իմ մասին իրենց իբր ունեցած «վարկաբեկիչ տեղեկությունները», այլ սպառնում են, որ ի պատասխան Վարդան Օսկանյանի հարցում իմ ունեցած դիրքորոշման կհրապարակեն դրանք, որի արդյունքում իմ «դիմակը կպատռվի»: Ազնիվ մղումեր ունեցող մարդը, քաղաքական ուժը, լրատվամիջոցը միանգամից, առանց զգուշացման կհրապարակեին այդ՝ իբր գոյություն ունեցող նյութերը, որպեսզի հանրությունը զերծ պահեր իմ «դիմակավորված» ելույթներին ու դիրքորոշումներին ուշադրություն դարձնելուց: Բայց դոդամերձ կամ մերձդոդյա կայքերը դա չեն անում, այլ նախազգուշացնում են, ասել է, թե շանտաժ են անում՝ հույս ունենալով, որ վախենալով կտեղավորվեմ իրենց կամ իրենց մերձ քաղաքական ուղեծրի մեջ: Սա կարեւոր է հասկանալու համար, թե ինչ բնույթի խմբավորման հետ գործ ունենք, եւ ինչի շուրջ է այն համախմբված. շանտաժի եւ պարզ առեւտուրի:

2. Վերջերս կրկին շրջանառության մեջ դրված սպառնալիքը անծանոթ չէ ինձ. ոմն մեկը դեռ 2007 թվականին ինձ ուղերձ էր փոխանցել, թե ասուլիս կանի ու ինձ վարկաբեկող տեղեկություններ կհրապարակի: Այն ժամանակ պատասխան ուղերձ ուղարկեցի մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ. ով չանի խոստացված աուլիսը «ինչ-որ բան» է: Ինչպես գիտեք, ասուլիսը չի արվել մինչեւ օրս, եւ ոմն մեկը ըստ ամենայնի տքնում է հնգամյա վաղեմության պայման-հիշոցի բեռից:

3. Վերստին հաստատում եմ, որ ընդունում եմ դոդամերձ կամ մերձդոդյա կայքերի առաջ քաշած թեմային վերաբերվող ցանկացած մարտահրավեր: Հակառակ կողմում, սակայն, պետք է լինեն ակնարկվող իրավիճակների իբր օբյեկտ կամ սուբյեկտ հանդիսացող անձինք, որոնց անունները շրջանառվում են եւ ոչ թե ֆեյք հեղինակներ կամ ֆեյք կայքեր: Ակնկալում եմ, որ ինչպես ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, այս մարդիկ էլ իրենց ասելիքը կասեն անձամբ ու հանրությունը կտեսնի, թե քանի րոպեի կյանք կունենա նրանց շանտաժը: Կայքերի տերերին ասում եմ. տղամարդ եք՝ մի թաքնվեք ակնոցավոր կագեբեշնիկների թիկունքում: Հանդես եկեք անձամբ, բացահայտ, դեմ առ դեմ, որ հանրությունը տեսնի մեզնից ով ով է: Չնայած, համոզված եմ, վաղուց գիտի, թե ով ով է:

4. Վերահաստատում եմ Մարտի 1-ի ոճրագործներին առաջին իսկ հնարավոր առիթով, օրենքով սահմանված կարգով դատարանի առաջ կանգնեցնելու հանձնառությունս՝ Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան, Ա. Հովսեփյան-Վ. Օսկանյան ողջ դիապազոնով:

5. Դոդամերձ կամ մերձդոդյա կայքերը զարմացած պնդում են, թե որոշ մարդիկ ինձ հետ հույսեր են կապում: Ի տարբերություն ոմանց, ես այդ մարդկանց հույսերը չեմ գնել եւ ոչ էլ վաճառքի եմ հանում: Հավաստիացնում եմ, որ այդ հույսերը ներդրված են հուսալի տեղում եւ քաղաքացիական ներդրողներին բերելու են կայուն, հարաճուն քաղաքացիական դիվիդենտներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին