▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զավեշտալի է, երբ շուկայական տնտեսության պարագայում քաղաքական պայքարի ձև է ընտրվում դասադուլը

Citatum - Էն օրը երթուղայինի վարորդին լավ խաբել եմ, փողը տվել ու չեմ նստել…

Սովետի ժանամակ կար վարչահրամայական համակարգ և պլանային տնտեսություն, պետության վերահսկողության և կարգավորման տակ էին հանրային, հասարակական և պետական բոլոր գործընթացները՝ հանրային կարծիք հայտնելուց մինչև գերատեսչական որոշումների կայացումը: 
Հենց այդ ժամանակներից սկիզբ առան և լայն տարածում ստացան բողոքի և ընդվզման այնպիսի ձևեր, ինչպիսիք են գործադուլը, հացադուլը, դասադուլը, նստացույցը և այլն:

Գործադուլ կամ դասադուլ անել նշանակում էր ընդվզել պետության դեմ, նրա կարգերի դեմ, քանի որ մեծ հաշվով թե՛ «գործատուն», թե՛ «դասատուն» պետությունն էր: «Մեղվի փեթակ» հիշեցնող համակարգի մեջ, ուր ամեն օղակ գիտեր իր գործը և «պլանային» կերպով, հստակ նախանշված ժամանակացույցով իրականացնում էր այն, անել դասադուլ կամ գործադուլ կնշանակեր պարալիզել, կաթվածահար անել հասարակական հարաբերությունների համակարգը, տնտեսությունը, խաթարել ամենօրյա բնականոն կյանքը: 

Երկրում, ուր ամեն ինչ պետք է լիներ պետպլանով, ուր համընդհանուր զբաղվածությունը, աշխատանքն ու կրթությունը խստորեն կանոնակարգված ու նորմավորված էին, ուրևէ «...դուլի» միջոցով «միջամտելը» զանցանք էր համարվում: Բնականաբար «պերեստրոյկայի» ժամանակներում իր ծաղկուն շրջանը հասած «բողոքի» այդ ձևն անմիջապես արժանանում էր պետական վարչախմբի հուժկու արձագանքին:
Սակայն հասկանալի չէ, տարակուսելի և նույնիսկ զավեշտալի է, երբ շուկայական տնտեսության պարագայում քաղաքական պայքարի ձև է ընտրվում գործադուլը կամ դասադուլը: Պատճառը շատ պարզ է. ձեր «գործատուն» («դասատուն») և «քաղաքական թիրախը» այլևս տարբեր են:

Ուսանողը մրցակցային հիմունքներով ընդունվել է բուհ, իր գրպանից մեծ գումարներ է վճարում կրթություն ստանալու համար և հանկարծ... դասադուլ է անում՝ առաջ քաշելով քաղաքական պահանջներ:
Դա նույնն է, եթե որևէ մեկը (թեկուզ՝ քաղաքական լայն ճանաչում գտած գործիչ) գնա վարսավիրանոց, վճարի վարսավիրին, թրաշի բեղերի կեսը, հետո վեր կենա ու ի նշան բողոքի մի լավ «մուննաթ» գա վարսավիրի վրա ու թողնի, հեռանա:

Դուք գիտե՞ք ժամանակակից որևէ պետություն, ուր դասադուլը ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական պայքարի գործիք է: Արևմտյան քաղտեխնոլոգների մեր մասնագետները կարո՞ղ են ենթադրել, որ, օրինակ, ԱՄՆ-ում ընտրություններում պարտված քաղաքական ուժը կգնա, կկանգնի Հարվարդի համալսարանի դիմացը ու կոչ կանի ուսանողներին դասադուլ անել…

Ընդհանրապես, իմ համոզմամբ, «...դուլ»-երը վաղուց իրենց դարն ապրած և պայքարի, ըստ էության, թույլ, կրավորական ձևեր են: Որևէ մեկի աղիքը չի ծռվի, եթե ինչ-որ մարդիկ ինչ-ինչ ծառայության դիմաց վճարեն և չօգտվեն: Փոխարենը որոշ «անգյալներ» իրենց անգյալությունն ու անպատասխանատվությունը «քաղաքական վեհ իդեաներով» հիմնավորած հերթական անգամ դասի չեն գնա:

Տեղին է հիշել Արամ Աբրահամյանի դիպուկ նկատառումը. «Ոստիկաննե՜ր, մի խոչընդոտեք դասադուլին, մեկ է դրանք դասի գնացողը չեն»:

 Սերոբ Անտինյանի գրառումը

Ֆեյսբուք

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին