▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 8-ից մինչև Սբխեչ

Ծաղկավաճառների փողոցի առեւտրականները տարվա մեջ միայն երկու օր էին լիարժեք կյանքով ապրում` մարտի 8-ին ու Սբխեչին: Այդ մինուճար երկու օրերն էին, երբ նրանց արած առեւտուրը հերիքում էր ամբողջ տարվան ու հնարավորություն տալիս փակել բոլոր ծակերը: Այդ երկու օրվան էլ նրանք պատրաստվում էին հոգեւոր ծիսակատարության նման: Ծաղիկները նախապես դնում էին 1-ական, 3-ական, 5-ական, 7-ական, մարտի 8-ի համար, իսկ 2-ական, 4-ական, 6-ական ու 8-ական` Սբխեչի համար, որ հանկարծ չշփոթեն ու Սբխեչին կենտը չտան, իսկ մարտի 8-ին՝ զույգը: Նրանք «ծիսակատարությանը» պատրաստվում էին ամբողջ ընտանիքով` մեծից փոքր, փոքրից մեծ, կեսրայրից հարս, զոքանչից փեսա, ամեն մեկն իմանալով իր կոնկրետ գործը` ով ծաղիկները տեսակավորի, ով փաթեթավորի, ով էլ ժապավենները կապի...

Տարվա մեջ էլի օրեր էին լինում` թաղումներ, հարսանիքներ, ապրիլի 24, ծնունդներ..., սակայն դրանց առեւտուրն այնքան աննշան էր այդ երկու օրերի համեմատ, որ ավելորդ էր նույնիսկ խոսելը: Այդ երկու օրերն էին միայն, որ ծաղկավաճառներն իրենց զգում էին իսկական բիզնեսմեններ, դիզայներներ, բարձրաշխարհիկ այրեր ու տիկնայք: Այդ երկու օրերին ամբողջ աշխարհը կախված էր լինում միայն իրենցից, համենայնդեպս իրենք այդպես էին կարծում, որովհետեւ իրենք, միայն ու միայն իրենք էին որոշում ծաղկի գինը: Կուզենային մեկին տասը կծախեին, կուզենային որոշակի զեղչեր կանեին, չէին ուզենա` չէին անի, կուզենային թոռոմածները կսաղացնեին, կուզենային հաճախորդին օրհնությամբ կճամփեին, բայց որ աշխարհը իրենցից էր կախված` դա հաստատ: Նրանք էլ, աշխարհի զարկերակի վրա նստած, շոշափում էին այն ու ստանում գերագույն հաճույք: Այդ օրերին ոչ թե իրենք էին հասնում նիրվանայի, այլ նիրվանան էր իջնում նրանց մոտ, որ միասին վայելեն գերագույն հաճույքը:
Ընտրությունից ընտրություն թաղի թմրամոլները աներեւակայելիորեն ակտիվանում էին, հարբեցողներն էլ` նույնը, էլ չեմ ասում սովածների մասին: Ամբողջ տարին նրանք մի կերպ դիմանում էին, որ չմեռնեն, ու եթե հանկարծ ընտրություն չէր լինում, նրանցից 1/3-ը վշտին չէր դիմանում ու մշտական տեղափոխվում էր մյուս աշխարհ, սակայն երբ լինում էր, նրանց բոլորի կյանքերն ավելանում էին ուղիղ 1/3-ով:
Ընտրության օրը այն միակ օրն էր, երբ հանրապետական փողատերերը դեղ անողներին տալիս էին անսահմանափակ թմրանյութ (ինչքան երակներում կտեղավորվեր), միայն ընտրատեղամասերում ուզած արդյունքը ստացվեր, հարբեցողներին տրվում էր այնքան օղի (ինչքան կոկորդներից կանցներ), միայն թե թաղի չկողմնորոշվածները կողմնորոշվեին, իսկ սովածներին էլ տրվում էր այնքան ուտելիք (մինչեւ ստամոքսները հասներ կոկորդներին), միայն թե ինքնուրույն կողմնորոշվածները չհասնեին ընտրատարածք: Նրանք բոլորն էլ ընտրության հաջորդ օրը դառնալու էին նույն նարկոշները, ալկաշներն ու բոմժերը, սակայն ընտրության օրը նրանք աստվածներ էին` կատարյալ աստվածներ, որոնց հնարավորություն էր տրված անել ամեն ինչ, ինչ մտքներով կանցներ: Եթե տարվա մյուս օրերին նրանք թաղայինին հեռվից բարեւելը համարում էին երկնային պարգեւ, ապա ընտրության օրը նրանք հավասարը հավասարի պես ընտրատեղամասերում ու դրանից դուրս քվեաթերթիկները դասակարգում էին ԱԱԾ գնդապետների ու ոստիկանության գեներալների հետ համատեղ` զույգերը դնելով իրար հետ, կենտերն էլ իրար, որ հանկարծ չշփոթեն:
Եթե ամբողջ տարին սեփական կանայք գրտնակներով նրանց գլխներին էին խփում, որ ձեռնունայն վերադարձել են տուն, ապա ընտրության օրը նրանք քացով բացում էին տան դռները` գերդոզավորված երակներով, գերկայֆոտած դեմքերով ու գերկշտացած որկորներով: Այդ ոչինչ, որ հաջորդ օրը գրտնակի ուժն ու քանակը տասնապատկվելու էր, բայց կարեւորը ընտրության օրը նրանք իրենց զգում էին լիարժեք արարածներ:
Թաղային «աստվածները» մարտի 8-ից մինչեւ Սբխեչ, ընտրությունից ընտրություն որոշում էին իմ ապագան ու նաեւ քո եւ իմ ու քո երեխաների ու նաեւ նրանց, ով լցնում էր նրանց երակները, կոկորդներն ու ստամոքսները:
Իսկ գերդոզավորված, գերկայֆոտած ու գերկշտացած ամենաընտրյալը մտել էր հեռուստացույցի մեջ ու ժողովրդին շնորհավորում էր ամենաազգային երկու տոների կապակցությամբ` մարտի 8-ի ու Սբխեչի, սակայն, չգիտես ինչու, նրա համար մոռացել էին նախապես դասավորել օրերը, դրա համար էլ նա միշտ մարտի 8-ին Սբխեչ էր շնորհավորում, իսկ Սբխեչին` մարտի 8:

 

Առաքել Սեմիրջյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին