▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային պողոտայով քայլելու համար պետք է «սպեցնազից» լինես, որ անվնաս տուն հասնես

Երեկոյան գրեթե միշտ քայլում եմ Երեւանի կենտրոնական փողոցներով: Նախ` միանգամից ասեմ, որ մայթերով եւ Հյուսիսային պողոտայով քայլելու համար պետք է «սպեցնազից» լինես, որ անվնաս տուն հասնես…
Աբովյան փողոցի նախկին հանրախանութից մինչեւ Հյուսիսային պողոտան պետք է «այծաշարուկ» անցնես, այլ ելք չունես, իսկ այ արդեն Հյուսիսային պողոտան միանգամից քեզ հիշեցնում է հարեւան քոչվորների Աղդամի կամ Ղազախի շուկան…
Անկազմակերպ, առանց հետիոտնի երթեւեկության կանոնների, սլալոմիստի ոճով, խայտաբղետ, շներով, առանց շների, ջահելների աղմուկ-աղաղակով, հռհռոցով, բնականաբար թքոց-խնչոցներով, անհամ կատակներով, համեմված ծխախոտի մնացուկներով եւ արեւածաղկի չրթոցներով… Մարզազգեստ` ծիծակ կոշիկներով, անթրաշ, շախմատի ձիու կազմվածքով ինչ-որ անտառից փախած մարդանման կենդանակերպերի խմբերի հրմշտոցով տեղաշարժ, կուտակում-զմայլանք «ռաբիզից» փախած, թաղման մեղեդիներ կլկլացնող կլառնետ նվագող սուբյեկտի մոտ… Ինչ-որ անհասկանալի երգիչներ, մուրացիկներ` տարատեսք, մասնագիտացած, սկսնակ, կանգնած, նստած, շարժվող, կաղացող` իրական, կեղծ, լկտի, անամոթ, համեստ… Ահավոր մի ծայրահեղացված տեսարան` շքեղ, բրենդային, լատինատառ գովազդներով, պլպլան, շլացնող խանութների, սրճարանների ֆոնին…
Բայց փառք քեզ, Տեր Աստված, երեկ մի լուսավոր կետ, մի հիասքանչ տեսարան, պատկեր տեսա…Երկու աղջնակ մի կիթառահարի հետ կարծես այլմոլորակային լինեին այդ բազմալեզու խառնամբոխի, այդ գավառական մթնոլորտում, իրենց հիասքանչ երգերով, գեղեցիկ կատարմամբ, իրենց տեսքով ու համեստությամբ…
Իսկը օազիս` Սահարայի անապատում…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին