▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձախողված դիվերսիա կամ ինչո՞ւ է Ադրբեջանին ձեռնտու անկայունությունը

Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անընդհատ տեղեկություններ է տարածում այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունը շարունակվում է, իսկ իրավիճակը բավականին լարված է (ըստ նույն տեղեկությունների ադրբեջանական կողմից մեկ զոհ և 2 վիրավոր կա): Չնայած ՀՀ ՊՆ-ն հերքում է վերոնշյալ տեղեկատվությունը, այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է պնդել, թե սահմանին թեժ իրավիճակ է:
Առաջին հայացքից բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Ադրբեջանի համապատասխան կառույցները երկու օր է խոսում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի, երկուստեք կորուստների մասին, սակայն ՀՀ ՊՆ-ն ոչ միայն հերքում է կորուստների, այլ առհասարակ փոխհրաձգության փաստը: Այս դեպքում հարց է առաջանում. ո՞րն է բարձրացված աղմուկի պատճառը և ինչ խնդիր է սրանով լուծում ադրբեջանական կողմը:
Ադրբեջանը խնդիր ունի մշտապես ցույց տալու, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում բավականին լարված է: Դա պայմանավորված է երկու հանգամանքով՝ ներքին և արտաքին: Արտաքին առումով, Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ ԼՂ հիմնախնդիրը սառեցված հակամարտություն չէ, այլ իրականում իրական պատերազմական վիճակ է: Ի դեպ, հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը ոչ միայն դեմ է արտահայտվում դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու միջնորդների առաջարկին, այլ հրաժարվում նախագահների մակարդակով, սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմ ներդնելու, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունից:
Ինչ վերաբերվում է ներքին գործոններին, ապա Ադրբեջանում Ալիևների իշխանությունը 2 տասնամյակ է պահպանվում հենց այս «ռեսուրսի» օգնությամբ, երբ պետական քարոզչամեքենան մոտ 20 տարի է երկրում առկա բոլոր խնդիրները պայմանավորում է Ղարաբաղի պատերազմով ու այն իր կազմում ընդգրկելու հավակնոտ պլանով:
Երկրորդ, Ադրբեջանը նման սցենար է խաղարկում հատկապես այն դեպքերում, երբ հայ-ադրբեջանական սահմանին կամ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ձախողում է դիվերսիոն գործողությունները, իսկ արձանագրված կորուստները փորձում է ներկայացնել այլ իրողությունների քողի ներքո: Անշուշտ, կորուստների բացակայության պայմաններում այդ երկրի պաշտպանության գերատեսչությանը միգուցե կհաջողվեր ինչ-որ ձևով քողարկելու ձախողված օպերացիան, սական երբ խոսք է գնում նաև կորուստների մասին, ապա և՛ քարոզչական տեսանկյունից, և՛ պատասխանատվության առումով, խնդիր է լինում տեղի ունեցածը ներկայացնել լրիվ այլ՝ Ադրբեջանի շահերից բխող տեսանկյունից:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին