▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նամակ Վանո Սիրադեղյանին. Եկե՞լ է վերադարձիդ ժամը, թե՞ դեռ մի քիչ էլ կա

Այսօր Ավագ հինգշաբթի է: Խավարումն է: Ոտնլվայից հետո:
Ես այսօր նամակներ եմ գրելու «իմոնց»:

Սկսում են Վանոյից:

Դու չես ուզում քեզ մոռանան. դու կարող ես հաշտվել ամեն ինչի, բայց ոչ այս կյանքին քո մասնակցության բացակայության հետ. արտիստիկ բնավորությունդ դա քեզ չի ների, խենթությունդ էլ: Ու նաեւ` պատասխանատվությանդ զգացումը Երկրի հանդեպ: Ու բոլորիս:
Իշխանությունները, « հայրենի պառլամենտն» այն օրերին ամեն ինչ անում էին, որ քեզ մոռանան: Ու համարյա ստացվում էր նույն հին պատմությունը, երբ արքայի հրամանով ամեն առավոտ հույները հավաքվում էին հրապարակում եւ երեք անգամ, էքստազի մեջ ընկած, պատասխանում իրենց ուղղված հարցին`մոռանալ ու՞մ:
¬Հերոստրատին:
Ու՞մ:  Ու՞մ:
-Հերոստրատին:
Ու այդպես ամեն առավոտ «մոռանում» էին:
Հիմա քաղաքական թատրոնն ու բեմն այլեւս քոնը չեն:
Այն մշտապես եւ առավելեւս հիմա ընդունում է լոկ զանգվածներին, իսկ անհատներին` նրանցից մնացած «կամուֆլյաժներով»: Այնտեղ ոչ միայն չեն սիրում մարգարեներին, այլեւ մարգարեները դադարում են մարգարեանալուց:
Դա եւս դիալեկտիկա է:
Վերադարձի քո ճամփեն վաղուց շեղվել է իր ուղեծրից: Քեզ պարտադրվածը բոլորովին նոր` Հնազանդություն անունված փուլն է:
Քեզ հատուկ վզի պտույտով չասես` թվաց: Կընդվզես, ինչպես ընդվզում էիր, երբ ասում էիր Աստված չկա, երբ ասում էիր` Գրող չեմ, որովհետեւ այլեւս չեմ գրում, ընդվզում էիր, երբ ասում էի` մենակ ես, ու գրությամբ պատասխանում էիր, որ Կարմեն Դավթյան, ուշադիր նայի ու տես, որ մենակ չեմ:
Հիշեցնեմ` կա ընդվզումի ժամանակ, կա հնազանդության ժամանակ:
Քո-իմ իմացած հնազանդության մասին չէ խոսքը: Խոսքը ներքին` ինքն իր հետ հնազանդ լինելու, այլ խոսքով` տիեզերքի հետ ներդաշնակ լինելու մասին է:
Համ էլ, երբ Պտույտի ծրագիրն սկսում է, որոշակի ժամանակ անց այն նաեւ ավարտվում է: Ծրագիրն ի օգուտ Անապատ ելածի է: Կքայլի անապատական Մենակն այնքան ժամանակ` մինչեւ հոժարվի ու հնազանդվի Տիեզերքի կամքին:
Վիրտուալ հայրենիքից անդին կամքը մեկն է` ոչ թե իջնել ուրիշի, օտարի, հասարակության, քաղաքականության` միով բանիվ զանգվածի մեջ, այլ նրան բարձրացնել դեպ քեզ:
Դավ ու սարսափ պատճառող գործընթաց, որ տեղի է ունենում ոչ թե հրապարակներում, այլ երակներում, ուր մաս-մաս գոլորշիանում է արտաքին մակերեսը ու Հոբի համբերատարությամբ պոկվում ու հողի հենքի մեջ է մտնում հողինը` ճամփա բացելով իսկական ցավի համար, որը հնազանդ է ու խոնարհ` ուրիշներին իր մեջ տեղ տալու չափ: 
Մանավանդ այն ուրիշներին, որ քո փոխարեն իշխանության են եկել, որ քեզ <սպանել> են ու <մոռացել>, իրենցով լցրել են պարապը ու վերադարձիդ համար տեղ չեն թողել:
Ու հիմա` վերադարձի ճամփեն անցնում է քո միջով:
Համարյա չլինող բան: Հրե շրջանակ, որի ժամանակ խելագարվում են:
Խելագար մարդը ճիշտ ապրող մարդն է: Այդ սահմանագծում է, որ արժեւորվում է Ամենը:
Ու մինչ բիբերը լայն բացած կլլում են խելագար ճշմարտությունը, ինքնորեն դանդաղ կայանում է Հնազանդությունը:
Այդ մեծ խելագարության կողքին` իշխանություն-պաշտոն-քաղաքականություն` այնքա¯ն չնչին են, որ մարդու համար մեղքդ գալիս է. ախր ամբողջ կյանքը նրանք մսխեցին դրա վրա. իրար կոկորդ պատռեցին. սպանդ կազմակերպեցին. բեռը բարդ-բարդ դիզեցին իրենց ու իրենց զավակների ուսերին` ուրիշների համար տեղ չթողնելով, կեր դառնալով ու դարձնելով թե այս հայրենիքը, թե պետականությունը, թե դժվարորեն ձեռք բերված ազատությունը:

Հ.Գ. Եկե՞լ է վերադարձիդ ժամը?.թե դեռ` մի քիչ էլ կա: Սիրելի Վանո:

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին