▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացերենով պահպանված մաշտոցյան բոլոր արձանագրությունները վերաբերում են հայերին

2014 թվականի համար Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդն (ԻԿՕՄՕՍ)  առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի հուշարձաններին` մեկ անգամ ևս հիշելով պատմությունը:

Տարբեր ձևաչափով վերականգնվում են երեք`  Օձունի, Քոբայրի, Լոռի բերդ հուշարձանները:

«Հուշարձան ասելիս չի նշանակում, որ ամեն ինչը պետք է միմիայն զբոսաշրջությանը ծառայի: Զբոսաշրջությունն ինչպե՞ս եք պատկերացնում. անպայման պետք է ռեստորանային համալիր լինի և այլն: Չեմ կարծում, որ զբոսաշրջությունն է ամեն ինչի հիմքում: Թանգարանացնելով չէ: Հիմա էլ բավականաչափ ուխտավորներ կան»-ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը` նշելով, որ վերականգնման աշխատանքներ իրականացվում են 2006 թվականից.

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության  գործակալության պետ Արմեն Աբրոյանը, խոսելով Քոբայրի մասին` նշեց, որ այն շատ կարևոր դեր ունի, քաղկեդոնական շրջանի հոգևոր վայրերից մեկն է:

«Խիստ առանձնահատուկ դեր ունի: Այստեղ գտնվող բոլոր տապանաքարերը, դամբարանները, նույնիսկ վրացերենով պահպանված մաշտոցյան բոլոր արձանագրությունները վերաբերում են հայերին, այստեղ բոլորը հայեր են թաղված, բոլորը հայ քաղկեդոնացիներ են».-ասաց Արմեն Աբրոյանը` հավելելով, որ Քոբայրավանքի վերականգնման աշխատանքներին  ակտիվորեն մասնակցել են նաև իտալացի մասնագետներ, անցկացվել են որմնանկարների, քարի նյութերի վերականգնման, աշխղեկների վերապատրաստմանն ուղղված վարպետության դասընթացներ:

Նշենք, որ բարձրադիր  ու  դժվարամատչելի  Քոբայրի  վանքը  գտնվում է ՀՀ Լոռու մարզում` Դեբեդ  գետի  ձորալանջին: Կառուցվել  է  1171թ. Բագրատունի  հարստության Կյուրիկյան ճյուղի իշխաննների կողմից։  Հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը: Քոբայրի վերաբերյալ հնագույն հիշատակությունները պահպանվել են XIII դ. պատմիչներ Վարդան Արևելցու ու Մխիթար Այրիվանեցու մոտ։ Վանքը, անցնելով Զաքարյան իշխանական տոհմի վրացադավան ներկայացուցիչներին, XIII դ. կեսին վերածվել է քաղկեդոնիկ վանքի։ Վանքի համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, զանգակատուն-տապանատնից ու սեղանատնից և շրջապատված է եղել բրգավոր, բարձրաբերձ պարիսպներով։ Քոբայրը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները՝ մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և զանգակատան տապանատունը։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին