▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի պաշտպանը՝ մեղադրական եզրակացության մասին. մանրամասներ

Օրեր առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով հերթական նիստում ներկայացվել է մեղադրական եզրակացությունը: Այն առաջադրվել է քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ մասնավորապես նշելով.

«Ճանապարհի վրա երթևեկության կանոներ չեմ խախտել, չեմ գերազանցել արագությունը, կառավարումը չեմ կորցրել և չեմ մտել կողնակ: Ինձ առաջադրված մեղադրանքի մեջ ես ինձ մեղավոր չեմ զգում»:

Նշենք, որ առաջադրված մեղադրանքի որևէ կետով Վարդան Պետրոսյանի մեղքը չի ապացուցվել:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նիստի ընթացքում դատարանին մի շարք փաստաթղթեր է ներկայացրել` միջնորդելով դրանք կցել քրգործի նյութերին: 

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը մանրամասներ հաղորդեց գործի մասին.

«Նախաքաննական մարմինը Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել 242 հոդվածի 3-րդ մասով՝ այն բանի համար, որ նա.

1.Գերազանցել է արագությունը

2. Վթարի պահին օգտագործել է հեռախոս

 3. Դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից դեպի կողնակ:

Վարդան Պետրոսյանն այդ երեք կետերում իրեն մեղավոր չճանաչեց՝ հայտնելով,  որ  արագության  գերազանցում թույլ չի տվել, քանի որ տվյալ վայրը,  ըստ  մեր ստացած տեղեկանքի՝  հանդիասնում  է Եղվարդ քաղաքի վարչական տարածք, բայց բնակավայր չի համարվում, հետևաբար այդ  հատվածում թույլատրելի արագությունը եղել է մինչև 90 կմ/ժ, իսկ իրենք մեղսագրում են, որ նա երթևեկել է  առնվազն 71 կմ/ժ արագությամբ»:

Ինչ վերաբերում է վթարի պահին հեռախոսով խոսելուն՝ պաշտպանի խոսքով՝

«Մեղադրում են, որ վթարից առաջ խոսել է հեռախոսով, մինչդեռ քրեական գործում  վթարի պահին հեռախոս օգտագործելու վերաբերյալ  որևէ ապացույց չկա: «Ղ-Տելեկոմ»-ից՝ մեր հարցման պատասխանի համաձայն՝ ալեհավաքը, որը որսացել է հեռախոսը, եղել է վթարի վայրից 4 կմ հեռավորության վրա: Մինչդեռ  մինչև վթարի վայրը ևս երեք ալեհավաք կա»:

Մեղադրական եզրակացության մեջ նաև նշվում է, որ Վարդան Պետրոսյանը ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին:

«Վարդան Պետրոսյանը պնդեց,  որ վթարին նախորդող պահին «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կողնակից դուրս է  եկել դեպի բանուկ մաս:  Իր համար դա եղել է անսպասելի և չի հասցրել մանևրել և խուսաել  վթարից: Վտանգը  տեսնելու պահին նա այնպիսի տարածության վրա է գտնվել, որ չի հասցրել խուսափել վթարից: Այդ պատճառաբանությամբ ինքն իրեն մեղավոր չճանաչեց»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով.

«Մենք բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացրել ենք փաստաթղթեր, այդ թվում՝ այն մասին, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե կողնակի վրա, այլ բանուկ մասում, հետևաբար  Վարդան Պետրոսյանը կողնակ դուրս չի եկել, այլ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում»:

Նշենք, որ տուժողները եւ տուժողների երկու իրավահաջորդները չէին ներկայացել դատարան: Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 25-ին:

Հիշեցնենք, որ  ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին