▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես 99 տարի անց Վանի Բերդաղ գյուղի քրդերը հիշեցին ուխտավորների նախնիներին

Ղազարի, Վարդանի և ամբողջ ընտանիքի  աչքի առաջ բարբարոս ու արնախում  թուրքը սպանել էր  նրանց մորը...

Ղազարը երդվել էր ամեն գնով վրեժ լուծել…

Մեր բաց վերքը դեռ կսկծում է… մեր ցավն ուրիշ է...  ու ցավի մասին պատմող պատմություններն էլ ուրիշ են՝ միմյանց այնքան նման…

Արդեն 99 տարի ցավի հետ ապրում են դրանք, ցավի հետ փոխանցվում սերնդեսերունդ…

Զարհուրելի օրերից արդեն մի դար է մեզ բաժանում, իսկ «բերանն արնոտ մարդակերը» շարունակում է անպատիժ մնալ:

Մեկդարյա պատմություններն էլ` իրար այնքան նման, անսփոփ ցավի պես  երբեք չեն մոռացվում, շարունակում են ապրել, հիշեցնել, էլ ավելի սաստիկ ցավեցնել, ստիպել՝  ավելի ուժգին զգալ կորստի մեծությունն ու ցավեցնելու չափ ամուր կապել Ավետյաց երկրի ամեն մի քարին  ու թփին…

***

Նման պատմություններից մեկի ունկնդիրը եղա ամիսներ առաջ՝ Արևմտյան Հայաստան կատարած այցելության ժամանակ:

Առաջին կանգառն Ախալցխայում էր՝ Խերտվիսի բերդի մոտ՝ Կուր գետի ափին: Առաջին պահի հուզմունքն  արդեն փոքր-ինչ հաղթահարված էր,  ու փորձեցի ծանոթանալ  ուղեկիցներիս հետ:  Սարգսյանների ընտանիքի հետ ծանոթությունս պատահական էր, նախ դստեր՝ Մարիամի հետ ծանոթացա:  Տարբեր միկրոավտոբուսներով էինք երթևեկում, երկար զրուցելու ու շփվելու հնարավորություն չունեցանք նաև հետագա օրերին, բայց տպավորված էի. անընդհատ հիշում էի նրանց:

Մի օր՝  ուշ երեկոյան,  իմացա, որ մեզ հետ ուխտի եկած ընտանիքներից մեկը գտել է պապերի գյուղը..  99 տարի անց տեղի քրդերը հիշել են նրանց նախնիների անունները…

Սարգսյաններն էին.

Լսածս և սպասելի էր, և անսպասելի...  անհամբերությամբ սպասեցի լուսաբացին…

***

«Արևմտյան Հայաստանը միշտ էլ յուրահատուկ կերպով ձգել է մեզ,  քանի որ նախնիներս արմատներով այնտեղից են՝ Վանի վիլայեթի Արճեշի նահանգի Բերդաղ գյուղից: Մանկուց մեծացել ենք գաղթի մասին պատմությունների մթնոլորտում: Մի քանի տարի առաջ աղջիկս՝ Մարիամը, գնացել էր Արևմտյան Հայաստան: Երկար ժամանակ անընդհատ պատմում էր տպավորությունների ու զգացածի մասին, և ավելի էր սաստկանում այդ վայրերը ու հատկապես պապերիս գյուղը՝ Բերդաղը, գոնե մեկ անգամ տեսնելու ցանկությունը»- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում արդեն Հայաստանում պատմեց  Ռոբերտ Սարգսյանը:

Բերդաղը(Բերդակ) ճակատագրի բերումով թուրքի ավերիչ ձեռքն անցած հայկական գողտրիկ գյուղերից է՝  Արևմտյան Հայաստանում՝ Վանի վիլայեթի Արճեշի գավառում։ Բնակչության մասին տեղեկություններ գրեթե չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի ջարդերի ժամանակ. մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Ցավոք, անմարդկային ցավին զուգահեռ՝  աղճատվել ու նենգափոխվել են նաև հայկական բնակավայրերի գողտրիկ անվանումները՝ կրկնապատկելով ցավը: Բերդաղն այսօր դարձել է Դնլենջե ՝ բնակեցված հիմնականում քրդերով:

Ռոբերտ Սարգսյանի պապը և նրա եղբայրը՝ Վարդան և Ղազար(Ղազո) Հարությունյանները (Վարդան և   Ղազար Հարությունյանների  սերունդները կրում են Սարգսյան ազգանունը՝ վերջիններիս հոր՝ Սարգսի անունից) ծնվել և մեծացել են Բերդաղում:

Արհավիրքը չի շրջանցել նաև Բերդաղը: Սուրբ Զատիկի օրը տղամարդկանց տարել են գյուղից դուրս և դաժանորեն սպանել: Դահիճների աչքից, սակայն,  վրիպել էր, որ Ղազոն՝  թեև ծանր վերքեր ուներ, բայց  կենդանի էր մնացել: Սարսափլի նախճիրն իրականացնելուց հետո երբ հեռացել են, Ղազոն կարողացել է վերադառնալ գյուղ:

Զարհուրելի ջարդերի ու տեղահանության օրերին՝ հենց աքսորի ճանապարհին, Ղազոյի և Վարդանի աչքի առաջ բարբարոս ու արնախում թուրքը սառնասրտորեն սպանել է նրաց մորը: Ղազոն երդվել է վրեժխնդիր լինել:

Համատարած խուճապի օրերին  Ղազոն այն քիչ հայերից էր, որ եղբոր հետ կամավորների խումբ ձևավորեց և սկսեց պայքարել դահիճների դեմ:

Ղազարին  շատերը ճանաչում էին՝ որպես քուրդ Ղազո՝ քրդերենին լիարժեք տիրապետելու, հետագայում էլ՝ քրդերին սպանելու համար:  

Ուշագրավ է նաև Ղազոյի կողմից՝ Վարդանի գեղեցկուհի կնոջ՝ Հայկանուշի և  գերեվարված շուրջ 40 կանանց ազատելու պատմությունը…

Հետագայում Վարդան և Ղազար Հարությունյանները, գալով  Հայաստան,  հիմնել են ներկայիս Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղը:

***

Անսպասելին, թերևս այն է, որ շուրջ մեկ դար հետո դեռ քրդերի շուրթերին է Ղազոյի անունը… Ո՞վ է պատմել, ինչպե՞ս է պահպանվել հիշողությունը…միգուցե ծպտված հայե՞ր են եղել…ո՞վ գիտե…

Բերդաղ գնալուց մեկ օր առաջ դեպի Արևմտյան Հայաստան իրականացվող շրջագայությունների  հիմնադիր «Անիտուր» տուրիստական գործակալության ղեկավար Վոլոդյա Առուշանյանը և ուխտավորներից մեկը, ով ևս բերդաղցու թոռ է, հիմնական երթուղուց շեղվելով, գտել էին գյուղը: Իսկ բերդաղցիների այցելությունը գյուղ կազմակերպվել է  հաջորդ օրը: Ի դեպ՝ նրանց ուղեկցել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ռոբերտ Սարգսյանի խոսքով՝ բավական ջերմ են ընդունել քրդերը: Նույնիսկ անհարմար են զգացել պահպանված գերեզմանաքարերից մեկի մոտ թափված աղբի համար և փորձել են հավաքել:

Տների բակերից մեկում խաչքարի բեկոր են գտել, սակայն թույլ չեն տվել վերցնել:

Առաջարկել են տեսնել նաև այն վայրը, որտեղ սպանվել են գյուղի տղամարդիկ, ուխտավորները, սակայն, հրաժարվել են:

Ռոբերտ Սարգսյանը դժվարությամբ է բառեր գտնում՝  զգացածը նկարագրելու համար.

«Բերդաղից քար ու լոլիկներ բերեցի հորս համար… »

***

Մեր բաց վերքը դեռ կսկծում է... մեր ցավն ուրիշ է...

Մենք Էրգրի կարոտ ունենք… Իսկ մեր սփոփանքն ԱՌԱՅԺՄ  Էրգիրը տեսնելն ու նշխար-քարերը սրտին սեղմած վերադառնալն է…

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին