▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդավոր ԼՌՈՒԹՅԱՆ խոսուն հետքերը

Իրականության և երևակայության սահմանը գծվում է հիմնավոր փաստերի ճշմարտացիությամբ: Պարույր Սևակի անձեռակերտ տաղանդի Աստվածային կատարելության` նրա ստեղծագործ Հանճարի բացահայտման ձգտումը, անկախ համոզմունքից, ի վերուստ ենթադրության մեծ շեշտ է կրել անգամ իրական փաստերի առկայության դեպքում:

Իրավ մեկ ու մի քանի կյանքն էլ բավ չէ Պարույր Սևակին նորովի ու յուրովի բացահայտելու համար. գիտակցել, հանուրին մեկնել նրա աշխարհաշեն բառի արժեքը, մարդավերծան խոսքի կշիռը, տիեզերական խոհի փիլիսոփայական ուղենիշը: Մարդ, ով իր ետևից չի այրել իրեն և իր հանճարին կապող կամուրջները. չի ծպտվել դիմակների ետևում, գաղտնագրերով չի խոսել. նրա մտքերը հասու էին և են գիտակից մտքին և թարգմանելի` բոլոր ազգերի համար. ահա այստեղ է կայանում բանական ՄԱՐԴՈՒ իրական մեծությունը` մարդկային արժեքը: Զոհաբերեց ինքն իրեն` իր Հանճարին. ԽԵՂԴԵՑ իր Ես-ի տառապանքը, բայց ՉՍՊԱՆԵՑ իր մեծ ՍԵՐԸ: Մեծություն էր իր պարզության, ընկալելիության մեջ, նույնքան պարզ` իր Մեծության մեջ, որում և եղավ մեծ արգելքը` խոչընդոտը` իրականության վերծանման` բացահայտման: Լինելով այդ չափ զորեղ անհատականություն, անձնական խնդիրների և բյուրոկրատական քաշքշուկների պատճառով բազմիցս հայտնվելով ծանր հոգեվիճակում` անձնուրաց հավատարիմ մնաց իր Ես-ին` իր բացառիկ ազնվությանն ու անկեղծությանը` Մարդկային տեսակի Արարչատուր արվեստին:

<Ի՞նչ էր ասում Պարույր Սևակի ԼՈՒՌ գրիչը>, <Եղերական մահվան` վթարի չբացահայտման>, <Զավակների մինչ օրս ընդունած զուսպ կեցվածքի> և <Աստվածային սիրո մեջ գլուխ բարձրացրած փողի խնդիրը>, այս և այլ հարցերի համակ ու խորհրդավոր ԼՌՈՒԹՅԱՆ խոսուն հետքերը կարմիր թելի պես անցնում են Մեծ բանաստեղծի նամակների միջով: Սուլամիթային ուղղած հարյուրավոր նամակները` ոչ միայն խենթ ու ինքնամոռաց, տառապագին սիրո, վեհ ու անտեղիտալի պայքարի ու սիրո անթարգման բանականության, այլև օրինակելի բարոյականության զգացական բովանդակությամբ արտահայտման միջոց են, որպես արձակ, գեղարվեստական յուրաոճ և բարձրաճաշակ ստեղծագործություն, համաշխարհային գրականության անթոլոգիայում առանձնահատուկ ուշադրության արժանի:

<Ինչու>-ների պատասխանները երբեմն կյանք են արժենում, իսկ հապաղելիս, առավել ևս ուշանալիս, անխուսափելի են գլուխ բարձրացնող մտացածին ու ստահոդ արկածներն ու վարկածները:

<Ինչո՞ւ Պարույր Սևակը լռեց>. <Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում: Վաղվանից սկսելու եմ…>: Դեռևս 1961 թվականին գրված նամակի այս տողերը փաստում են նրա խռիվ ու ցրիվ մտքերի տասնամյա տառապանքը, բայց, անկախ ամեն ինչից, նա ինքնավերագտնումի հզոր կամքի ուժ ուներ. գրել է հրապարակախոսական հոդվածներ, հաղթահարելով ինքն իրեն, ստեղծագործել է, և չնայած դժկամորեն, բայց մասնակցել է գրական համնդիպումներին, ավաղ մահից դեռևս 4-5տարի առաջ խոնարհեց զենքը` Գրիչը: Այս մասին է վկայում նրա ստեղծագործական ժամանակակգրությունը…: Մտքի ծայրով չխորհեք անգամ, թե լռեց Պարույր Սևակը, քանզի ասելիք չուներ: Ո´չ, կրկին ու կրկին` ո´չ: Քանզի ԼՌՈՒԹՅՈՒՆՆ էր նրա մեծ խոսքը` ասելիքը. թույլ տվեք ասել` ՊԱՏԻԺԸ, նեղացած ընկերոջ, գրչակցի, ի վերջո` զավակի ըմբոստ կեցվածքը, ընդվզումը, տառապանքի ճիչը, անանց ցասումը: Մի քանի կուսակցական պնակալեզների պատճառով հայ ժողովուրդը զրկվեց համամարդկային անգնահատելի ժառանգությունից. այս էր մեծ ՊԱՏԻԺԸ` հաշվեհարդարը, նրանց նկատմամբ, ովքեր, չարակամության անթաքույց դրսևորումով, բայց, անկասկած, ներքուստ գիտակցելով նրա ստեղծագործական մտքի արժեքը, առանց քննումի ու քննարկումի, բյուրոկրատական քաշքշուկով ավելացնում էին հրատարակչական խեղկատակությունը. <10 օրվա գործը ձգձգվում-քաշքշվում է 3-4 ամիս, և դա արվում է այնպիսի մախինացիաներով, կնիկավարի, որդա-ոջլաբար, որ…էլ ջիղ չմնաց: Տղա մենք ազգ չենք, մենք թյուրիմացություն ենք: Մեր արյունը վաղուց է մածուն դարձել, այն էլ խանութի (անյուղ-անսեր) մածուն...>,- 1967 թ. փետրվարի 12-ին դառնացած գրեց Պարույր Սևակը Վահե Հովակիմյանին:

 Հասկանալ` գիտակցել է հարկավոր, թե հայ ժողովուրդը և համաշխարհային գրականությունը ինչից զրկվեցին: Թող կոպիտ չհնչի, և քանզի ճշմարտությունը ցավոտ է, իսկ այս պարագայում` լռելը` մեծ մեղք, ապա` այո´, Հայոց Հանճարի թիկունքը դատարկ էր: Վայելել ժողովրդի համազգային սերը, դա դեռ նեցուկ չէր. Հայ ժողովուրդը նրան մեն-մենակ էր թողել անձնական խնդիրների գորդյան հանգույցում, գրողների միության հեղձուցիչ միջավայրում, ЦК-ի ուշադրության կենտրոնում և <սովետական հրատարակչության թնդանոթի առաջ. <Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի: Ինձ համար այնպես ծանր է, որ ուզում, ամբողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մեռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ուզում եմ մեռնել>:

Պարույր Սևակի ԼՌՈՒԹՅՈՒՆԸ մեծագույն ՊԱՏԻԺՆ էր` հատուցումը, իր տառապանքի ցավին` համազգային անտարբերությանն ի պատասխան. <Անտարբերությո՜ւնը… Ուխտյալ թշնամու պես հետևում է նա ինձ, Բուսնում խոտի´ նման, Թառում փոշո´ւ նման, խեղդում խորխի´ նման>:

<Աստվածային սիրո մեջ գլուխ բարձրացրած փողի խնդիրը>. Երբ մտավորականը կամ արվեստագետը ստեղծագործելիս անէանում է իր միջավայրից, ներքաշված տարերքի մեջ, ձուլվում տիեզերական ուժերին, նա փողի մասին չի մտածում, դրա բացակայությունը զգում է միայն բացակայության ժամանակ, որին արձագանքելը ծանր է. <Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող, ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի>: Սա միակ նամակը չէ, որտեղ խոսվում է փողի մասին: Դատելով տողերից, կարելի ասել` նա ֆինանսապես օգնել է Սուլամիթային: Եվ ոչ իր կամքով, քանի որ խնդիրը կծագեր պահանջից հետո միայն: Եթե դա լիներ բանաստեղծի կողմից զուտ ուշադրություն, ապա` մեկ, երկու, ի վերջո, Սուլամիթան կխնդրեր փող չուղարկել, կնշեր, որ նա նեղություն չկրի, և որ դրա կարիքն ամենևին էլ չկա…: Բայց այդպես չի վարվել: Դժվար չէ պատկերացնել, թե որքան ծանր է եղել Պարույր Սևակի համար, երբ կինը, որին <սիրում էր խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ>, իրենից գումար է խնդրել (գուցե պահանջել), նա չի կարողացել ընդառաջել: Բանաստեղծի հոգեկան անդորրը խաթարելու ևս մի առիթ` խթան էր սա, որն իր ոչ պակաս <նպաստն> է բերել խոչընդոտելու նրա ստեղծագործ հոգու խաղաղությունը:

<Եղերական մահվան` վթարի չբացահայտման> և <Զավակների մինչ օրս ընդունած զուսպ կեցվածքի> իրական պատճառը նաև Նամակների իրողության` անմեղ-մեղավոր բովանդակության մեջ պետք է փնտրել. <Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին: Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի…>: <…Իմ լուսավոր, լուսավոր-լուսավոր հեքիաթ, իմ սիրտ, բարի գիշեր,- լավ երազներ, իմ հարազատ կրակ, հանգստացիր իմ անկշտությունից>: <Աղաչում եմ, մի եղիր այդպես հարազատ: Եղիր ընդամենը կին, ու ես կկարողանամ մոռանալ քեզ: Եղիր մարդ, ու ես այդքան չեմ կարոտի քեզ... Անձրևը դադարեց: Իսկ դու ինչու՞ ես շարունակվումՉեմ ու-զու-մ: Հասկանում՞ եսԼսում՞ ես: Չեմ ու-զու-մ: Էլ չեմ կարող... >: <…Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ, ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված…>: <……>: <….>: ....

Նամակներն այնքա՜ն զգացմունքային, անկեղծ, որոշները` նեղ անձնական բովանդակության էին, որ ավտովթարի առիթով կազմված քրեական կեղծ գործի կարճման հիմք` չբացահայտման համար իրական պատճառ, խաղաքարտ կարող էին հանդիսանալ: Այն ձեռքը, որ նրա կենդանության օրոք արգելել էր <Եղիցի լույս>-ի ազատ վաճառքը, իսկ մահից օրեր անց հանեց վաճառքի, <թեթև շարժումով> հրապարակ կհաներ Պարույր Սևակի մեծ ՍԻՐՈ (և այն էլ ազգությամբ ոչ հայ) անկեղծ ու զգացմունքային նամակները: Ինչպե՞ս կընդուներ ժողովուրդն իրողությունը` անհերքելի փաստերը, ինչպե՞ս կընկալվեր անազատության իշխանությունում սիրո արտահայտման այդչափ ազատությունը, չէ՞ր փոխվի արդյոք նրա վերաբերմունքը Մեծ բանաստեղծի նկատմամբ, դժվար է ասել: Ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ նամակների` նրա անձնական կյանքի էջերի հրապարակումը, ծանր հարված` մի նոր կորուստ չէր լինի ժողովրդի համար….

Պետք չէ մոռանալ` Սովետական հասարակարգը անհանդուրժող էր, չէր արտոնում վերապահում նաև սիրո զգացմունքային ազատության դրսևորման և արտահայտման հարցերում: Կուսքարտուղարների ձեռքում Սևակի նամակները, որոնց լուսապատճեններն անպայման կլիներին КГБ-ի արխիվի հատուկ թղթապանակում, ազդեցիկ և զսպող հակակշիռ էին ցանկացած դրսևորման: Համաշխարհային գրականության ու արվեստի հսկաներին կարելի էր իրենց զգացմունքներին ու հույզերին ազատություն, անձնական նամակներում անչափ չափի մեջ անկեղծ լինել, իսկ Պարույր Սևակին` ո´չ: Ինչո՞ւ: Քանզի Սովետական հասարակարգ էր: Եվ որ Պարույր Սևակն էլ ՀԱՅ էր, և այլն էլ Հանճարեղ Հայ: Ով վայելում էր հայության (և ոչ միայն) անսահման սերը, համակրանքն ու հարգանքը` որպես հոգևոր հարստություն, և մեծագույն ակնածանքն ու պատկառանքը, որպես` նորագույն պայքարի գաղափարի Մարտիկ:

Տարիներ անց էլ <բանաստեղծի որդիները հետամուտ են իրենց ընդունած կրավորական կեցվածքին>` որդեգրած լռությանը: Զավակների լռության պատճառը Սովետական հասարակարգում միանգամայն հասկանալի էր. նախ` կյանքի նկատմամբ սպառնալիքի գործոնը գործում էր անխափան, որքան էլ դա տգեղ հնչի, ժամանակի համար <բնական երևույթ էր>, և երկրորդ` նամակները… որոնցով պատվի և անվան հարց է դրվել..., ոչ թե իրենց` զավակների, այլ հոր` Պարույր Սևակի: Լռությունը բոլոր ժամանակներում համարվել է ծանրակշիռ խոսք. դեռևս տարիներ առաջ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, դասխոսության ժամանակ բանաստեղծի որդին` Արմեն Ղազարյանը, շատ հպանցիկ է անցնում վթարի հանգմանքներից, համարձակ ուսանողուհիներից մեկի հարցը`<Թե ինչո՞ւ չեք ասում, որ Պարույր Սևակին սպնել են>, հսկայական լսարանին առջև նա պատասխանում է` <Գիտեք` դա դեռ ապացուցված չէ>: Հաջորդ դախոսության ժամանակ լսարանը գրեթե դատարկ էր…: Մինչ օրս էլ բանաստեղծի որդիները չեն թաքցնում Սուլամիթային ուղղված հոր` Պարույր Սևակի նամակների հրատարակման վերաբերյալ իրենց ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքը: Այսօր Սուլամիթայից վերցված, երբևէ չհրատարակված Պարույր Սևակի կյանքի վերջին տարիների նամակների լուսապատճեններ կան, որոնք գտվում են հետաքրքրասերների ձեռքին, ովքեր, չնայած իրենց մեծ ցանկությանն ու ջանքերին, ոչ մի կերպ դրանք հրատարակել չեն կարողանում: Թե ինչո՞ւ` դատեք ինքներդ…

Այսուհանդերձ, շրջադարձային կլինե՞ր Հայ ժողովրդի վերաբերմունքը նամակների հրապարակումից հետո: Դժվար է ասել: Այդ հիմա է, որ շատ հանգիստ է ընդունվում և բնական է համարվում մարդու նեղ անձնական նամակների (և ոչ միայն) հրապարակումը, խոսքի մտքի, երևակայության ազատությունը` համարելով 21-րդ դարի ձեռքբերում:

<Քեզ համար քո կյանքը ոչ ոք չի անցնի>. Ոչ ոք իրավունք չուներ և չունի խցկվել Պարույր Սևակի կյանքի` առավել ևս նրա նամակների բովանդակության մեջ, քննել անքննելին, ուր միայն ՍԵՐՆ է հորդում` Աստվածային ՍԵՐԸ: Դա Նրա կյանքն էր, Նրա մեծ ՍԵՐԸ: Սիրո խելացնոր ու անհաս տենչը, ներշնչանքի աղբյուրը, կյանքի իր ընտրած ուղին, իր սահմանած սկզբունքը, ապրելու ձևն ու բանաձևը:

Այսօր էլ` տարիների հեռվից, ազատության առագաստից, անշեջ կրակի պես բոցավառվում է Պարույր Սևակի մեծ ՍԵՐԸ` Դարի մեծագույն ՍԵՐԸ: Օրինակելի` գեղեցիկի ընկալում, ուսանելի` հավատարմություն, չափանիշ` անեղծության, …:

Եվ ահա որպես Սուրբ Մասունք` դարերն ի պահ են առել Պարույր Սևակի` ՍԻՐՈ մեծ Վարպետի վերջին նամակը` փութկոտ հպարտությամբ ու աներեր վեհությամբ գրած անբեկանելի կտակը.

«Ես չեմ ամաչում իմ սիրո համար…….»

                                                                                                                                                   Ջեմմա Բաղդադյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին