▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ում հաղորդավարն ասում է «ճիշտ» է սխալ պատասխանին

Հանրային հեռուստաընկերության ինտելեկտուալ հաղորդումներից մեկի շրջանակում, հուրախություն մեզ, անդրադարձ եղավ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետին, ի մասնավորի, հարց հնչեցվեց՝ ինչպես է այն անվանվել, մինչև իր բուն անուն ստանալը, բայց ի դժբախտություն մեզ, հաղորդման ընթացքում այդպես էլ չհնչեց ճիշտ պատասխանը: Մասնակիցը չպատասխանեց, իսկ հաղորդավարի բարձրաձայնած «ճիշտ» տարբերակը սխալ էր ՝ «Երջանկություն» անվանման փոխարեն նշեցին «Ուրախություն» տարբերակը:

Հավանաբար, այս անգամ ևս, ինչպես շատ անգամներ, որոնք նկատել ու գրել եմ (զորօրինակ՝ Սուդանում Ամանորի շնորհավորանքը. նախ` Սուդանում Նոր Տարի չեն նշում, քանի որ իսլամ դավանող արաբներ են ու եթե իրենց տոների առիթով շնորհավորում են, ապա «Քուլլու սանա ուա անթա թայեբ» տարբերակով, որը բառացի նշանակում է՝ «Ամեն տարի և դու բարի», իսկ հաղորդման մեջ հնչած էլի վիքիպեդիական տարբերակը՝ որքան հիշում եմ՝ «վարսա էնգալ»` չկա) հաղորդման ճիշտ պատասխանները հղում են արվում վիքիպեդիային:

Հիմա ուղղակի առիթ ընձեռվեց. ևս մեկ անգամ անդրադառնանք մեր մեծանուն կոմպոզիտորի նշանավոր գոհարին ու նրա ստեղծման պատմությանը, մանավանդ, որ այն ներշնչել ու ներշնչում է ոչ միայն հայերիս ու նաև, որ այստեղ հիշվում է մեկ այլ նշանավոր հայի՝ Միկոյանի դերի մասին, ում անունն այսօր տարիների հեռվից շահարկում են շատերը:

Նյութը Արամ Խաչատրյանի վիրտուալ թանգարանի կայքից է.

«Գայանե» 

Այս պարտիտուրի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1939թ.-ին գրված «Երջանկություն» բալետից...

«Սկսելով աշխատանքն իմ առաջին բալետային պարտիտուրի վրա՝ ես բնավ ոչինչ չգիտեի բալետի՝ որպես երաժշտական ժանրի, յուրահատկությունների մասին: Արդեն իսկ աշխատանքի ընթացքում սկսեցի արագորեն ըմբռնել և յուրացնել նրա բնորոշ առանձնահատկությունները: Հավանաբար, հիմնականում ինձ օգնեց այն հանգամանքը, որը դեռևս Մյասկովսկին էր նշում, թե Խաչատրյանի երաժշտությունը համակցված է պարի տարերքով...» Այսպես է խոստովանում հեղինակը:

Խոշորագույն քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը կոմպոզիտորի հետ ունեցած ընկերական զրույցի ժամանակ հայ երաժշտության գալիք տասնօրյակի կապակցությամբ բալետային ներկայացում ստեղծելու ցանկություն հայտնեց (այն հայ երաժշտական թատրոնում առաջիններից մեկը և ազգային բալետներից առաջինը, որ ներկայացվեց մինչպատերազմյան դեկադաների ժամանակ):

Այդ գաղափարը լիովին համապատասխանում էր կոմպոզիտորի սեփական ստեղծագործական ձգտումներին: Բալետի թեման նույնպես ծնունդ առավ այդ զրույցի ժամանակ, և Միկոյանը Խաչատրյանին խորհուրդ տվեց հանդիպել խորհրդային սահմանապահների և կոլտնտեսականների կյանքի և աշխատանքի մասին «Երջանկություն» բալետային լիբրետոյի հեղինակ, հայ հայտնի ռեժիսոր Գևորգ Հովհաննիսյանի հետ:

Ժամանակը սուղ էր. 1939թ.-ի գարունն ու ամառը՝ գրող Մաքսիմ Գորկու խորհրդով, Խաչատրյանն անցկացրեց Հայաստանում՝ զբաղվելով ֆոլկլորային նյութի հավաքմամբ և ուսումնասիրմամբ: Կոմպոզիտորն իր առջև խնդիր դրեց «սիմֆոնացնել» բալետի պարային երաժշտությունը, հարստացնել այն ժողովրդի կողմից ստեղծված երգերով ու պարային մեղեդիներով: Խաչատրյանն արագորեն հասկացավ ու ձևակերպեց իր երաժշտա-խորեոգրաֆիկ գեղագիտության հիմնական դրույթները:
«Երջանկության» պարտիտուրի վրա կոմպոզիտորն աշխատեց ընդամենը կես տարի: Փորձերը ղեկավարում էր Արթուր Նիկիշի աշակերտը՝ հայտնի դիրիժոր Կոնստանտին Սարաջևը: 

Ամեն ինչ արվեց, որպեսզի երկրի ամենաերիտասարդ կոլեկտիվի՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի (այդ ժամանակ այն 6 տարեկան էր) համերգներն հայկական տասնօրյակի շրջանակներում մաքսիմալ հաջողությամբ անցնեին: Կ.Սարաջևն հրաշալի նվագախումբ էր հավաքել: 1939թ.-ի հոկտեմբերի 24-ին Մոսկվայի Մեծ թատրոնում բեմադրվեց «Երջանկություն» բալետը, որն ուղղակիորեն հիացրեց ունկնդիրներին: Շատ մասնակիցներ կառավարական մրցանակներ ստացան, իսկ թերթերը ողողվեցին հիացական գրախոսականներով:
Այդուհանդերձ, այդ ամենը չխանգարեց կոմպոզիտորին խելամտորեն ու գիտակցաբար մոտենալ ստեղծագործության թույլ կողմերին: Լիբրետոն, նույնպես, որոշ թերություններ ուներ: Այդուամենայնիվ, «Երջանկությունը» լավ «ցատկահարթակ» հանդիսացավ խաչատրյանական բալետային արվեստի զարգացման համար: Շուտով Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի ղեկավարությունն առաջարկեց «Երջանկությունը» բեմադրել նոր լիբրետոյով:

Արդյունքում, «Երջանկության» ողջ պարտիտուրը, հեղինակի խոսքերով, իր կողմից «կուլակաթափ արվեց» ...

Աշխատանքն ավարտվեց Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին՝ «Գայանե» բալետի ստեղծմամբ:

Զար Դիլանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին