▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայրենակիցներ» ծրագրով մեկնողներն անմարդկային փորձություններ են հաղթահարում. ականատես

ՌԴ  Միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագիրը, որի շրջանակներում  2006-ից սկսած Հայաստանը լքել են հազարավոր մարդիկ,  ժամանակ առ ժամանակ հայտնվում է լուրջ քննադատությունների թիրախում:

Ոսկե սարերի խոստումներով, լուրջ հեռանկարների հույսով ՀՀ քաղաքացիները մեկնում են ՌԴ և  բախվում դառը  իրականությանը:  Իրականություն,  որի մասին այստեղ չեն էլ ենթադրում:

Անմիջապես  կոնկրետ վայր հասնելուն պես սկսվում են ամիսներ ձգվող հերթերը և քաշքշուկները,  որոնց երբեմն անհնար է դիմանալ:

ASEKOSE.am-ի զրուցակիցը օրերս է վերադարձել Վորոնեժից և պատրաստակամություն հայտնել  ականատեսի աչքերով պատմել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում  ՌԴ հասնելուն պես՝  այս կերպ նաև նպատակ ունենալով իրականությունը պատմել  բոլոր մեկնել պատրաստվողներին:

Մեր զրուցակցի խոսքով՝  «Հայրենակցիներ» ծրագրի հայաստանյան գրասենյակը գտնվում է Մանուշյան 72 հասցեում և  սովորաբար բացվում է տարեվերջին: Դեկտեմբերին սկսվում է ընդունելությունը: Եվ հենց այդ ընթացքում քաղաքացիներն այսպես ասած՝ օր են վերցնում  2015-ի համար:

«Աշխատում են դեկտեբերի 25-27-ը և այդ ընթացքում  ամբողջ տարին փակվում է: Այդպիսի հոսք կա:  Դիցուք՝ 2015-թվականի նշված  օրը ներկայանում ես գրասենյակ, օր և  ժամ են նշանակում: Նշանակված օրը  ներկայանում ես արդեն համապատասխան փաստաթղթերով՝ անձնագրի, դիպլոմի պատճեններ, տեղեկություն այն մասին, թե քանի հոգով ենք մեկնելու: Փաստաթղթերը հանձնելուց հետո  պետք է սպասես որոշակի ժամանակահատված: Եթե ընտրել  ես ոչ կենտրոնական Ռուսաստան, գնալու հավանականությունն   ավելի մեծ է: Այնտեղից  ավելի կարճ ժամանակամիջոցում կարելի է  հրավերք ստանալ»,- պատմում է  մեր զրուցակիցը:

Համապատասխան օրը  զանգահարում են և կանչում գրասենյակ:

«Ինձ հրավերքը եկավ գեղեցիկ սպիտակ ծրարով: Կոնկրետ ինձ համար, քանի  որ ես  պետական համակարգի նախկին աշխատող եմ, գրված էր, որ մեկ ամսվա կտրվածքով եթե դիմեմ և գնամ, կա աշխատանք՝ մաքսային ծառայության հատուկ նշանակության ջոկատում:  Ամսական աշխատավարձը սկսվում էր 30 հազար ռուբլուց»:

Հրավերքը հանձնելուց հետո օր է նշանակվում վկայականը հանձնելու համար, որտեղ նաև նշված են  ընտանքի անդամների անունները և տվյալները, ովքեր պետք է մեկնեն: Մեկնելու համար տրվում է 3 տարի ժամանակ:   Տվյալ երկիր հասնելուն պես՝ քաղաքացիները ներկայանում են ֆեդերատիվ միգրացիոն ծառայության վարչություն, որտեղ պետք է անձնագրի մեջ ընդամենը  կնիք դնեն:

Սակայն… այդ պահից սկսվում են դժոխային քաշքշուկները:

« Ֆեդերատիվ միգրացիոն ծառայության վարչության Վորոնեժի գրասենյակի շենք մտնել բացարձակ հնարավոր չէ: Այնտեղ  ոչ միայն հայեր են, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ինչպես նաև  ուկրաինացի փախստականներ: Նախ ցուցակագրվում ես:  ֆեդերատիվ միգրացիոն ծառայության վարչության Վորոնեժի գրասենյակն ամեն օր չի աշխատում: Աշխատում են շաբաթվա մեջ մի քանի օր:  Երկուշաբթի չեն աշխատում, երեքշաբթի կես օր,  չորեքշաբթի  չեն աշխատում, հինգշաբթի կես օր, ուրբաթ մինչև ժամը 4-ը: Յուրաքանչյուր օր  առավելագույնը 8-10 մարդ են ընդունում:  Ես  ցուցակով 79-րդն էի»:

Այս ամենից զատ՝ անկախ նրանից, թե քաղաքացին հերթում որերորդն է, պարտավոր է ամեն օր՝  ժամը 6-ին,  լինել ֆեդերատիվ միգրացիոն ծառայության վարչության Վորոնեժի գրասենյակի բակում, մասնակցել  անվանականչին, որպեսզի  հերթը պահպանվի: Թեկուզ մեկ օր չներկայանալու դեպքում, հերթը չի պահպանվում:

«Եթե չես ցանկանում ամեն օր ներկայանալ, կա մի տարբերակ, պահակներին ներքին կարգով կարող ես վճարել  5000 ռուբլի, որ կարողանան արտահերթ թողնեն ներս մտնել, սակայն….  Եթե միայն  կարողանաս: Եթե հանկարծ  նկատեն, որ առաջ ընկար, կհոշոտեն»:

«Կանաչ անձնագրում» կնիք ունենալու համար նախնական գրանցում է  անհրաժեշտ, ինչի մասին Հայաստանում չեն տեղեկացնում:  Իսկ օտար քաղաքում նախնական գրանցում ստանալը կապված է բազմաթիվ դժվարությունների հետ:

«Կենտրոնական Ռուսատանի բնակիչներն աչքի են ընկում  բացառիկ սրիկայությամբ և բացառիկ սանձարձակ վերաբերմունքով՝   կովկասցիների նկատմամբ: Եվ այդ միջավայրում պիտի կարողանաս ծանոթ գտնել:  Կրկին հայտնվում ես  թղթաբանական քաշքշուկի մեջ:  3 ամսով գրանցելու համար 1 անձից պահանջվում է 3000 ռուբլի:  Տալիս  են սովորական թղթի կտոր, որտեղ նշված է, որ գրանցվել եք  այսինչ հասեցով:  Վերադառնում ես ֆեդերատիվ միգրացիոն ծառայության վարչության  գրասենյակ: Վերջիվերջո կարողանում ես մտնել այդ շենք: Կնիքը խփում են: Հիմա սկսվում է հաջորդ փուլը»:

Անհրաժեշտ է նաև  ձեռք բերել ժամանակավոր բնակության թույլտվություն(РВП), ինչը ևս կապված է քաշքշուկների հետ:

«Ես ուզում եմ մեր հայրենակիցները հասկանան՝ այդ սպիտակ թերթիկը հիմք չի հանդիսանում:  Դա ուրիշ բան է: Սկսվում է  նոր քաշքշուկ: Գնում եք այլ հասցե: Այնտեղ հերթն  ավելի սարսափելի է: Ընդունում են շաբաթը 2 անգամ և ոչ թե  ժամը 9-ից, այլ 10-ից և մինչև ժամը 5-ը: Ժողովուրդը  դրսում օերերով հերթ է կանգնում: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի ձմռանը:  Ես  174-րդն էի: Բայց քանի որ ես արդեն ունեի գրանցում՝ ոչ այս ծրագրի շրջանակներում, շատ քաշքշուկի մեջ չհայտնվեցի»:

ժամանակավոր բնակության թույլտվություն(РВП) ստանալու համար ևս բացի հերթ պահելը, ամեն օր մասնակցում են անվանականչին: Հերթը ձգվում է նվազագույնը մեկ ամիս: Այդ ընթացքում շենք մտնելու իրավունք չկա:

 «Ի դեպ՝  Հայաստանում թարգմանված որևէ փաստաթուղթ այնտեղ ուժ չունի: Այնտեղ նորից թարգամնում ենք: Յուրաքնաչյուր  թարգմանություն սկսվում է 500 ռուբլուց: Որպես կանոն՝  պահանջում են մի քանի օրինակ, սակայն պետք է միայն մեկը»:   

Այս փուլին հաջորդում է քաշքշուկի ու վազքի հաջորդ փուլը: Սա արդեն բուժզննության փուլն է ՝ 4 տարբեր հիվանդանոցներում՝ սպիդ կենտրոն, տուբ դիսպանսեր, մաշկավեներական, և նարկոլոգիական կլինիկաներ:

«Մեր շատ միամիտ հայեր այստեղ են այդ փաստաթուղթը հանում, սակայն դա այնտեղ հիմք չէ: Ավելորդ ծախս է: Այստեղ չեն զգուշացնում այդ մասին:  Սա արժե 4-6 հազար ռուբլի: Հետո այդ գումարը վերադարձնում են, ինչպես  նաև ինքնաթիռի  տոմսի գումարը,  սակայն պետք է պահպանեք թե Էլեկտրոնային տոմսը, թե ռեգիստրացիոն տոմսը, այլապես գումարը չեք ստանա: Ի դեպ՝ փոխհատուցման համար ևս հերթ  ես կանգնում՝ կրկին ամեն օր ժամը 6-ին անվանականչին մասնակցելով»:

Մեր զրուցակցի խոսքով՝  պահանջում են գտնել  հասցե, որտեղ պետք է գրանցվել 3 տարով:  Ի դեպ՝ մեկ տարով մեկ անձին գրանցելու համար պահանջում են 6-10 հազար ռուբլի:    

ժամանակավոր բնակության թույլտվություն(РВП) ստանալուց հետո պետք է սպասել  3 ամիս, որից հետո կրկին հերթ կանգնելով՝ ճշտել՝ ստացվել է, թե ոչ:  Ապա սկսվում է  վազքի հերթական փուլը՝  քաղաքացիություն ձեռք բերելու համար: Անհրաժեշտ է ծննդյան վկայականի պատճեն, անձնագրի պատճեն թարգմանությունով՝ բոլորը հաստատված այնտեղ և հարկային կոդ: Տեղի հարկայինում գրանցվելուց հետո  պետք է սպասել  5-7 օր:

«Ժամանկաավոր բնակության թույլտվությանը սպասելիս իրավունք  չունենք ՌԴ-ից բացակայել: Ինչ գումարներով կապրենք, Աստված գիտի: Աշխատանքի մասին խոսելն ավելորդ է: Եթե անգամ դիպլոմ ունեք, մոռացեք աշխատանքի մասին: Եթե հատկապես այն տրվել է 1991 թվականից հետո:  Հայասաստանի ոչ մի ԲՈւՀ-ի դիպլոմ այնտեղ հիմք չէ: Այն մարդիկ ովքեր պետական ծառայող են և ունեն  կոչում, այստեղ հույս են տալիս, թե ձեր կոչումն այնտեղ կարող է հիմք լինել, չկա նման բան: Սկսում եք շարքայինից: Մայոր ես թե գնդապետ, սկսում ես 0-ից: Իսկ եթե քաղաքացին  40-նն անց է, պեքտ է մոռանա այդ մասին»:

Մեր զրուցակիցը նշում է, որ լուրջ դժվարություններ կան նաև այն ընտանիքների համար, ովքեր դպրոցահասակ երեխաներ ունեն: Երեխաները չեն կարող հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, եթե չունեն տեղի անձնագիր:

«Ցանկանում եմ խոսել նաև այն մասին,  որ բոլոր ծառայությունները գտնվում են Վորոնոեժի կենտրոնում, իսկ կենտրոնում բնակարանի վարձը սկսվում է 15-20 հազար ռուբլուց, որի մեջ կոմունալ վճարը ներառված չէ: Բացի դրանից՝  Կովկասի ժողովուրդներին բնակարան  չեն տալիս շատ դեպքերում: «Սև» ես, չենք տալիս: Ստիպված պետք է ծայրամասերում տուն վարձենք»:

Մեր զրուցակիցը պատմում է, որ լինում են դեպքեր, երբ տանտերերը  ինտերնետի միջոցով առաջարկում են գրանցել: Ի՞նչ է արվում այդ դեպքում:   

 «Ձեզ հետ միասին գնում են նոտարի մոտ գրանցվելու,  տալիս են սերտիկիֆատը, վերցնում է 3-6 ամսվա վճար, հայն էլ միամիտ-միամիտ գնում է  միգրացիոն ծառայության վարչության գրասենյակ, ասում են՝  իսկ ու՞ր է տան տերը: Զանգահարում ես, ասում է՝  ես գամ ի՞նչ անեմ. որ գամ, կհասկանան, որ գումար եմ վերցրել:  Ասում է՝  ուզում ես գամ, ևս 20 հազար ռուբլի: Իմ գլխով անցածն եմ  պատմում: Ես դիմել եմ ոստիկանություն, իբր քրեական գործ է հարուցվել,  ինձ տվել են ընդամենը մի կտրոն և վերջ: Բացարձակ անտերություն: Ես առ այսօր  որևէ արձագանք չունեմ»:

Յուրաքանչյուր անձ այնտեղ զուտ փաստաթղթերի վրա ծախսում է  150 հազարից 200 հազար դրամ: Այժմ ինքը դիմել է աշխատանքի համար և վերադարձել Հայաստան:  Սպասելու փուլն է:

«Պետք է լավ ֆինասնական բազա ունենաս, այնտեղ ապրելու և սպասելու համար: Ուզում եմ իմ հայրենակիցներն իմանան, որ  պետք չէ ուրախ-ուրախ գնալ: Ամենաքիչը 5000 դոլարի բազա պիտի ունենա ընտանիքը, որ մի քանի ամիս նորմալ գոյատևի» :

Եվս մեկ կարևոր փաստ.  մարդիկ կան, ովքեր առաջարկում են  3-5  հազար դոլարով ՌԴ անձնագիր ձևակերպել սեղմ ժամկետներում:  Առաջարկում են կովկասցիներին, հետո տալիս են կեղծ անձնագիր:

«Դժվար է տարբերակել կեղծ է թե ոչ: Հետո էլ ասում են՝  գրանցվեք մեկ այլ վայրում: Որտեղ անձնագրի անհրաժեշտություն է լինում, անմիջապես բացահայտվում է անձնագրի կեղծ լինելը և կալանավորում են: Իսկ այդ մարդուն գտնելն անհնար է լինում»:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին