▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղինակի պարզաբանումը 6-րդ դասարանի անգլերենի դասագրքի աղմկահարույց բանաստեղծության մասին

Հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի անգլերեն լեզվի դասագրքում տեղ գտած բանաստեղծության շուրջ վերջին օրերին համացանցում տարածված արձագանքների և այն դասագրքում զետեղելու աննպատակահարմարության վերաբերյալ տարածված կարծիքներին ի պատասխան ներկայացնում եմ դասագրքի հեղինակ Լուսինե Գրիգորյանի պարզաբանումը:

« Առաջին հերթին ուզում եմ մեջբերում անել օտար լեզուների առարկայական ծրագրից, որի հեղինակներից մեկն եմ հանդիսանում:

Տարրական աստիճանում օտար լեզվի ուսուցման դաստիարակչական նպատակն է դեռահասին նախապատրաստել հետագա՝ բազային աստիճանում, հաջող ուսումնառության համար:

Այդ նպատակով այն պետք է ապահովի.

• դեռահասի մտավոր և հոգեբանական-հուզական ներուժի գործարկում և զարգացում (ըմբռնում, հիշողություն, երևակայություն, պատկերացում, բազմաձև մտածողություն և այլն),

• դրական վերաբերմունքի ձևավորում սեփական անձի, ուրիշների, ուսումնառության, առարկայի, օտար աշխարհի նկատմամբ,

• կենսական կարողությունների և հմտությունների զարգացում, որոնցից ուսումնառության այս փուլում առաջնայինն է կամքի ուժը, ուշադրության կենտրոնացումը, կանոնների պահպանումը և հարգանքը, ուսումնական իրերի/գործունեության կարգավորումը, համագործակցությունը (զույգերով, խմբային աշխատանք, փոխադարձ աջակցություն), ստեղծագործականությունը:

Օտար լեզվի գլխավոր դաստիարակչական նպատակն է աշակերտի մեջ զարգացնել քաղաքացիական գիտակցություն ու ստեղծագործական կարողություններ և հմտություններ (հանդուրժողականություն, անձնական և հասարակական պատասխանատվություն, ինքնուրույնություն, ինքնազարգացում, քննադատական մտածողություն, ինքնարտահայտում...):

Անդրադառնալով բանաստեղծությանը, ուզում եմ նշել, որ այն վերցված է կայքից, որտեղ երեխաները կարող են տեղադրել ծաղրանքի մասին իրենց կողմից գրված բանաստեղծություններ, արտահայտելով և փոխանակելով իրենց անհանգստացնող զգացմունքներն այն երեխաների հետ, որոնց նույնպես հուզում է այդ խնդիրը:

Ինչ վերաբերվում է բանաստեղծության նպատակահարմարությանը 6-րդ դասարանի դասագրքում, ապա որոշակի մտորումներից հետո, կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ, որ դասագրքում տրված համատեքստը` մի կողմից հոգատարության մասին հուզիչ պատմությունը և դա քննարկելու հարցերը, մյուս կողմից ծաղրանքի մասին բանաստեղծության քննարկման մղող հարցերը և քննարկման համար անհրաժեշտ բառապաշարը, և վերջապես թեման ամփոփող, դրական զգացմունքներ առաջացնող բանաստեղծությունը Հիանալի ընկեր վերնագրով, թույլ է տալիս մեր իրականության մեջ գոյություն ունեցող տհաճ, սակայն անխուսափելի խնդրից մեր երեխաներին զերծ պահելու փոխարեն, դրան դաստիարակչական ուղվածություն տալ:

Մնում է այստեղ շեշտել ուսուցչի կարևորագույն ուղղորդող, դաստիարակչական դերը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին