▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2015-ին կերակրող մայրերը ստիպված կլինեն կաթի 20%-ը հանձնել պետությանը

Armcomedy-ին գրում է. Երևան-Սոցապ նախարարությունը նախաձեռնել է նոր բարեփոխում. կերակրող մայրերի կաթի մի մասն այսուհետև կհատկացվի Մ. Հերացի լաբորատորիայում ստեղծված կաթնային պահուստ: Բարեփոխման նպատակը, ըստ նախարարության, կաթի կարիք ունեցող սոցիալական խմբերին օգնելն է:

Նախարարության խոսնակ Զաքար Եվունցը բացատրում է նախաձեռնությունը. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կերակրող մայրերն արտադրում են ավելի շատ կաթ, քան նորածինը կարող է սպառել: Մենք ընդամենը փորձում ենք այդ ավելցուկը օպտիմալ օգտագործելու ծրագիր մշակել»:

Օրինագիծը արդեն մեծ աղմուկ է առաջացրել հղի կանանց շրջանում, որոնք աբսուրդ են համարում նոր առաջարկը. «Ինչո՞ւ պետք է մենք մեր կաթը տանք, ինչպե՞ս են որոշել, որ մենք ավելորդ կաթ ենք արտադրում, ինչպե՞ս պիտի գանձեն կաթը և ընդհանրապես` ի՞նչ են ծխում նախարարությունում»:

«Ռեժիմը փորձում է կթել երիտասարդ ընտանիքներին», – Զուրաբյան

Ապագա մայրերը սպառնում են բազմահազարանոց ցույցերով տապալել օրենքի ընդունումը, մինչդեռ նախարարությունը բացատրում է նոր համակարգի մեխանիզմները: «Մենք արդեն ստեղծել ենք ճկուն ձեռքերով փորձառու մասնագետների հանձնաժողով, որոնք անվճար կայցելեն կերակրող մայրերին և կգանձեն պետության հասանելիք կաթը: Նրանց կտրամադրվեն հիգիենիկ ձեռնոցներ»:

Առայժմ հայտնի չէ, թե երբ է օրենքը մտնելու Ազգային ժողով, բայց ընդդիմությունը արդեն խոստացել է դեմ քվեարկել նախագծին: ՀԱԿ հիմնադիր պատգամավոր Լևոն Զուրաբյանը բացատրում է օրինագիծը ներիշխանական խուճապով:

«Ակնհայտ է, որ ռեժիմի խուճապը հասել է մի կետի, որտեղ նրանք գիտակցում են, որ երկար չեն մնա իրենց աթոռին և փորձում են հնարավորինս շատ պոկել ժողովրդից: Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս օրինագծին, ինչպես նաև մեր ԲՀԿ-ական գործընկերները ու մի քանի հոգի Ժառանգությունից… երևի… չգիտեմ, իրենցից առանձնապես գխուխ չեմ հանում», – նշեց Զուրաբյանը:

Փորձագենտերը կապում են նոր օրենքը միջազգային շուկայում կաթի գնի բարձրացման հետ: Անկախ փորձագետ Ալեքսանդ Իսկանդարյանը կարծում է, որ գանձված կաթի մեծ մասը գնալու է միջազգային շուկա. «Ամեն ինչ շատ պարզ է` երկիրը ունի բազմաթիվ պարտքեր, և ավելցուկ կաթը հավանաբար կտրամադրվի Հայաստանի արտաքին պարտքը սպասարկելու համար»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին