▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկիրն աշխարհին գրավիչ է արվեստով. Արմինե Անտիկյան

magaghat.am-ը գրում է, որ «Անտիկյան» պատկերասրահի հիմնադիր–տնօրեն Արմինե Անտիկյանը կայքի հետ զրույցում պատմել է  պատկերասրահի ստեղծման, գործունեության և ծրագրերի մասին։

– Ե՞րբ առաջացավ պատկերասրահ ստեղծելու միտքը:

– Պատկերասրահ ստեղծելը իմ քսան տարվա երազանքն է եղել։ Իմ առաջին պատկերասրահը, որ ստեղծել ենք լրագրող Արամ Հարությունյանի հետ համատեղ, բացվել է 2007 թվականին, որը կոչվում էր «Gallery one» և գտնվում էր Թումանյան փողոցում։ Սակայն այն մեր սեփականությունը չէր. պատկերասրահի տարածքը վարձակալված էր, իսկ այս պատկերասրահը սեփական է և գործում է արդեն 3 տարի։ Աշխատում ենք շատ ակտիվ, ներկայացված են միայն հայ ժամանակակից նկարիչների գործերը, բացառությամբ իտալացի նկարիչ Բրունո Բրունիի։

– Ինչպե՞ս է կատարվում այն արվեստագետների ընտրությունը, որոնց գործերը ներկայացնում եք։

– Սուբյեկտիվ ընտրություն եմ կատարում. այն աշխատանքները, որոնք ինձ են դուր գալիս ներկայացնում եմ։ Կազմի մեջ փոփոխություններ լինում են, օրինակ՝ արվեստագետներ կան, որոնց հետ որոշ ժամանակ աշխատել եմ, ապա դադարաեցրել համագործակցությունը։ Շատ են այն հայ արվեստագետները` և՛ սկսնակ, և՛ արտերկրում ապրող, ովքեր իրենք են առաջարկում, որպեսզի ցուցադրվեն իրենց գործերը։ Եթե հետաքրքիր և օրիգինալ արվեստագետ է, աշխատում եմ ընդգրկել պատկերասրահում, չնայած պատկերասրահը փոքր է, և այդ պատճառով մի քիչ բարդ է շատ արվեստագետների ընդգրկման հարցը։ Այժմ ներկայացված են 20 արվեստագետների աշխատանքներ։

– Հայաստանում ժամանակակից արվեստի պրոպագանդումը առաջընթաց ապրու՞մ է։

– Ո՛ չ, երբ ժամանակին Մինաս Ավետիսյանին ոչ ոք չէր ճանաչում, Հենրիկ Իգիթյանն ամեն ինչ արեց, որպեսզի նրա անունը հայտնի դառնա։ Երբ ժամանակին նրա գործերը գնում էին, ոչ ոք չգիտեր, որ նա հայտնի է դառնալու, բայց մարդկանց ճիշտ կողմնորոշեցին։ Իսկ այժմ լինում է ցուցանադես, որ որոշ ժամանակ անց փակվում է, և չի լինում շարունակություն. չեն գրվում հոդվածներ, չի կատարվում վերլուծական աշխատանք։ Մենք այսօր արվեստաբանների և կուրատորների կարիք ունենք։ Ես վստահ եմ, որ այժմ շատ արվեստաբաններ աշխատում են արտերկրի հետ։ Եթե այստեղ հասկանան նրանց կարևորությունը, համոզված եմ, որ շատերը անձնվիրաբար կաշխատեն հենց մեր երկրում։

Մեր երկիրը ամբողջ աշխարհի համար կարող է գրավիչ լինել միայն արվեստով։ Մենք ունենք միտք, որը կարող ենք ներկայացնել։ Կարծում եմ՝ մեր տուրիզմը նույնպես պետք է լինի մշակութային, սակայն դրա համար համապատասխան վայրեր չունենք։

– Այլ մասնավոր պատկերասրահների հետ համագործակցու՞մ եք:

– Այժմ աշխատում են մի քանի մասնավոր պատկերասրահներ, դա դրական երևույթ է, քանի որ բերում է բազմակարծություն։ Փորձում ենք հասնել նրան, որ յուրաքանչյուր պատկերասրահ մի ուղղվածություն ունենա, որոշ պատկերասրահների հետ համագործակում եմ. գիտեմ, թե որ գործը որ պատկերասրահում է ցուցադրվում, և կարող եմ խորհուրդ տալ՝ որտեղ գնալ գտնելու համար տվյալ գործը։ Բայց հուսով եմ`շուտով այստեղ գործող մասնավոր պատկերասրահների հետ համագործակցությունը կտեղափոխվի միջազգային հարթակ։

– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

– 2011-ին Իտալիայում կայացավ ցուցահանդես. հինգ արվեստագետ «Անտիկյան» պատկերասրահից՝ չորս նկարիչ, մեկ քանդակագործ ներկայացրին իրենց գործերը Իտալիայում։ Այդ ծրագրի շրջանակներում այստեղ ընդունեցինք իտալացի նկարիչ Բրունո Բրունիին։ «Անտիկյան» ցուցասրահը նրան ներկայացրեց Ազգային պատկերասրահում։ Այժմ կրկին իտալացիների հրավերով, սակայն արդեն Հանովերում, 2015 թվականի մարտ ամսին կկայանա նկարչուհի Թենի Վարդանյանի աշխատանքների ցուցադրությունը:
Քանի որ այժմ ամբողջ աշխարհում կա մոտեցում, որ նկարչությունը հնացած է (որին ես դեմ եմ), ապա եթե այսօր նույնիսկ արվեստի առաջադեմ կենտրոններում ներկայացնում ես իրական արվեստ, զգում ես, որ նրանք կարոտ են դրան։

Հեղինակ` ԶԱՌԱ ԱՍԿԱՐՅԱՆ

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին