▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ պատժեցին` սկզբունքայնության և մասնագիտական պահանջկոտության համար

Պատմությունը, որը ներկայացնելու եմ, տխուր է, վիրավորական:

Գիտեմ, որ այն անմիջականորեն առնչվելու է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նորընտիր ռեկտոր Դավիթ Մուրադյանի հեղինակությանը, ինչը չէի ուզենա, որովհետև Դավիթ Մուրադյանը համեստ ու առաքինի մարդ է, սակայն չեմ կարող լռել, քանզի գրչի մի հարվածով խաչ է քաշվել իմ մոտ քառամյա կրթության վրա, բուհն ավարտելուց մի քանի ամիս առաջ՝ ինձ զրկել են ուսանող լինելու իրավունքից: Բուհից հեռացրել են անվճար համակարգի սովորողին, մոտ 15 տարվա դերասանական կենսագրություն ունեցողին, հայ հնագույն թատրոնի բեմադրիչին, որն իրականացրել է հինգ բեմադրություն արհեստավարժ թատրոնում, արժանացել հայ և վրաց թատերագետների բարձր գնահատականներին:

Տասնհինգ տարեկանից մասնակցել եմ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի ներկայացումներին, ավարտելով թատրոնի դրամատիկական ստուդիան՝ ընդունվել եմ թատրոնի դերասանակազմ, խաղացել եմ մոտ քսան դեր: Ցանկանալով ստանալ բարձրագույն կրթություն և նաև ինքնահաստատվել ռեժիսուրայում, ընդունվել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ:

Ընտրեցի Վանաձորի մասնաճյուղը, որովհետև մոտ է Թբիլիսիին: Մասնաճյուղի նախկին տնօրեն՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ազիզյանը ստեղծեց բոլոր պայմանները, որպեսզի չկտրվեմ իմ թատրոնից, որը Հայաստանից հեռու՝ նվիրված է հայապահպանությանը, իր բեմադրություններով կենդանի է պահում մայրենին, հայ էությունը:

Ուսումնառության ընթացքում մասնակցել եմ իմ թատրոնի ներկայացումներին՝ միաժամանակ լինելով պարտաճանաչ ուսանող: Հակոբ Ազիզյանի պաշտոնանկությունից հետո մասնաճյուղի տնօրեն նշանակվեց Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի դերասանուհի Սոֆիա Սողոմոնյանը:

Մի կոսմ թողնենք նշանակման ապօրինությունը: Կյանքում դասախոս չաշխատած, բուհական որևէ ստորաբաժանում չկառավարած, գիտական աստիճան ու կոչում չունեցող մեկը, որը մի կարճ շրջան եղել էր Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար և աշխատանքները տապալելու համար հեռացվել այս պաշտոնից՝ դարձավ մասնաճյուղի տնօրեն և իր հետ բուհ բերեց մասնագիտական կրթություն չունեցող անձանց, որոնք էլ սկսեցին իրենց ամբիցիաները մատուցել, իրենց տգիտությունները հրամցնել:

Ուսանողը կրթություն է պատվիրում և ընտրում այն դասախոսին, որից ցանկանում է սովորել:

Այս դրույթը ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում արհամարհվեց, ուսանողն իրավազրկվեց և պարտադրաբար հպատակվեց Սոֆիա Սողոմոնյանի անգրագետ պահանջներին ու թելադրանքներին: Նա ,,Ռուս թատրոնի պատմություն,, և ,,Կինոյի պատմություն,, առարկաների դավանդումը հանձնարարեց պոլիտեխնիկական կրթություն ունեցող մի անձնավորության, որը մի կարճ շրջան աշխատել է մոսկովյան ռեստորաններում որպես երգիչ:

Դասախոսը պիտի որակավորվի, իր դասավանդած առարկաները պիտի իմանա, մինչդեռ Չարչյան Արմեն անուն-ազգանունով մարդու գիտելիքները խիստ կասկածելի են: Այս մասին ես բազմիցս տեղեկացրել եմ Սոֆիա Սողոմոնյանին, սակայն նա ատամներով պաշտպանում էր իր կադրին, մերժում իմ պահանջները՝ Երևանից հրավիրել համապատասխան մասնագետ, քանի որ Վանաձորում այդ առարկաների մասնագետ չկա:

Քանիցս խնդրել եմ թույլ տալ ինձ այդ առարկաների դասախոսություններ լսել Երևանում՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Իմ պահանջները բխել են բուհական և հետբուհական կրթության մասին օրենքից: Սակայն Սոֆիա Սողոմոնյանը միշտ առարկել է՝ վախենալով, որ կբացահայտվի կեղծիքը, կիմացվի, որ որպես դասախոս է աշխատում մի մարդ, որը դրա իրավունքը չունի: Ես լռել եմ նաև այլ ապօրինությունների մասին: Ինձ տնօրեն Սոֆիա Սողոմոնյանը ստորագրել է տվել իմ թոշակի դիմաց և չի վճարել: Այսինքն, գրպանել է իմ թոշակը:

Եվ հենց այս Չարչյան Արմենն էլ սկսեց իմ դեմ անազնիվ խաղերը՝ ,,Կինոյի պատմություն,, առարկայից քննությունների ժամանակ հանդես բերելով կամակորություն, միտումնավորություն՝ չնշանակելով ինձ գնահատական: Ես ստիպված էի դիմել բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանին, խնդրել, որ քննությունը նշանակվի Երևանում՝ մասնագետի մոտ:

Սակայն ինձ նորից ուղարկեցին Չարչյանի մոտ՝ այսպես ոտնահարելով ուսանողի իրավունքները, չուզենալով սկզբունքային լուծում տալ խնդրին, մասնաճյուղն ազատել տգետ դասախոսից:

Սոֆիա Սողոմոնյանը Դավիթ Մուրադյանին ներկայացրել էր ստահոդ պատմություն, կեղծիք, զրպարտել ինձ՝ իբրև թե ես անպատրաստ եմ ներկայացել ,,Կինոյի պատմություն,, առարկայի քննությանը: Ի վերջո, ինձ հեռացրեցին չորրորդ կուրսի առաջին կիսամյակի ավարտից մեկ ամիս առաջ՝ այսպես պարտակելով կեղտը, այսպես թաքցնելով անօրինականությունը:

Հայկական սփյուռքից եկած ուսանողին, որն իր գործունեությամբ նպաստում է հայապահպանությանը, հեռացրեցին բուհից՝ այսպես ի ցույց դնելով իրենց անազնիվ կեցվածքը, այսպես ճանապարհ տալով ապօրինությանը: Հասկանում եմ, որ տգետ տնօրենն ու դասախոսական աշխատանքի հետ կապ չունեցողն առավել թանկ են իրենց, որովհետև հայաստանցի են, քան Վրաստանից եկած ուսանողը, որն օտար է, իրենցը չէ, որն իր ստեղծագործական կենսագրությամբ ոչնչով չի զիջում մասնաճյուղի տնօրենին:

Ցավալի է, վիրավորական է, որ Հայրենիքը փակում է իր դռները դրսում գտնվող իր զավակների առջև, հանդես է բերում խտրականություն, պատժում է ազնվության և սկզբունքայնության համար, ուսանողին զրկում է օրենքով սահմանված իր իրավասություններից:

Ես իմ ուսումը կշարունակեմ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական արվեստի ակադեմիայում, կաշակերտեմ վրաց թատրոնի և թատերագիտության նշանավոր դեմքերին, բայց միշտ իմ հոգում կպահեմ վիրավորվածությունը:

Կշարունակեմ ծառայել հայ թատրոնին՝ նաև համոզվելով, որ Սփյուռքը ձևական մի բան է Հայրենիքի համար, որ բաժակաճառային սիրուց զատ այլ վերաբերմունք չկա Սփյուռքի հանդեպ:

 

ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ-ՄԵԼՔՈՒՄՈՎ

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական պրոֆեսիոնալ թատրոն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին