▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղդասարյանի գործերը վատ են՝ Հ3-ում աշխատավարձը «բնամթե՞րք»-ով են փակելու

Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում նոյեմբերի ամսվա համար չվճարված, ինչպես  նաև դեկտեմբերի աշխատավարձը փորձում են  «բնամթերք»-ով փակել:  Հեռուստաընկերության աշխատակիցներին  առաջարկվում է «Հայասի»-ի ընկերության արտադրանքը` պահածոներ, կոմպոտներ, խմիչքներ: Ավելին` աշխատակիցներին տրվելու է ցուցակ, որի միջոցով և ըստ աշխատավարձի չափի` ընտրելու են իրենց հասանելիք ապրանքը:  

Նման «շռայլ» վարձատրությունը պայմանավորում են այն  հանգամանքով, որ իր արտադրանքը Ռուսաստան արտահանած «Հայասի» ընկերությունը՝ ռուբլու արժեզրկման հետևանքով ֆինանսական մեծ վնասներ է կրել:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` աշխատավարձի դիմաց «բնամթերք» առաջարկելու հրահանգը հենց Արթուր Բաղդասարյանինն է եղել:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ հարկավոր է դիմել Հ3, քանի որ  ինքը որևէ առնչություն չունի տվյալ հեռուստաընկերության հետ: Մեր թղթակիցը փորձեց պարզաբանումներ ստանալ Հ3 հեռուստաընկերությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին