▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սովորական» պատմություն Հայրենասիրության մասին

Երբ սկսում են ճամարտակել հայրենասիրության մասին, ես ջանում եմ շատ խելացի արտահայտություն դաջել դեմքիս, անջատել ուղեղս եւ «ուշադիր լսելով» հերթական հայրենասերին`մտածել միայն այն մասին, որ հանկարծ բաց չթողնեմ գավաթս նրա գավաթին զարկելու «կարեւոր» պահը… Ի՞նչ արած, եթե Հայրենասիրության մասին սովորաբար հիշում են միայն սեղանի շուրջը` որոշակի դոզա ընդունելուց հետո… Իսկ սթափ գլխով` դրա մասին մեծախոսում են միայն պաշտոնյաները…

Ջորջ Պողոսյանը միակ մարդն է (կամ` այն քչերից է), ում խոսքը կլանում եմ առանց շինծու ուշադրության, հակառակը` ջանք եմ թափում, որ ոչ մի բառ բաց չթողնեմ: Հայրենիքի մասին նրա խոսքը դատարկաբանություն չէ, այլ մի մարդու խոսք, որն իր ողջ կյանքն անցկացրել է այդ խոսքի մատույցներում:

Մնացածների համար խնդիրը պարզ է. հա՞յ ես ծնվել` դիմում գրիր, վճարիր, ստացիր անձնագիրդ… Ընդամենը մի զույգ հարյուր դոլարանոց եւ մի քանի ամիս (գուցեեւ` շաբաթներ, չգիտեմ) սպասում:

Ջորջը սպասել է 21 տարի:

1993 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռից դուրս է եկել Լիբանանում ծնված Ֆրանսիայի քաղաքացի Ջորջ Պողոսյանը, տաքսի է վարձել եւ խնդրել` իրեն հասցնել զինվորական զորամաս: Տաքսիստը, հավանաբար` նմանների մասին գաղափար չունենալով, առանց երկար մտածելու նրան տարել է «Էրեբունի» օդանավակայան: Երեք օր հետո Ջորջն արդեն Շահումյանում էր: Կամավորների ջոկատում նա կռվել է մինչեւ պատերազմի ավարտը: Զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո ամուսնացել է երեւանցի աղջկա հետ եւ նրա հետ մեկնել Փարիզ: Ծնվել է որդին` Նարեկը, իսկ հետո` դուստրը: Տարիներ են անցել: 18 տարեկան դառնալուց հետո Նարեկը եկել է Հայաստան եւ ծառայության մեկնել Հայկական բանակ: Ջորջը որոշել է փոխադրվել Հայաստան: Երեկ նա անձնագիր է ստացել:

Ահա այսպիսի պատմություն հայրենասիրության մասին: Պարզ պատմություն` առանց ճռճռան խոսքերի… Չէ, ավելի շուտ` Հայրենասիրության մասին: Մեծատառով:

Պատերազմական ժամանակների լուսանկարը` Հակոբ Պողոսյանի

Գերման Ավագյան

 

72157649438542410

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին