▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Euronews. Հայաստանում երթուղայինով երթևեկելուց օտարերկրացու տպավորությունը

ԲլոգՆյուզ-ը գրում է.Սլովակ Յան Մրուգը «Euronews»-ի բլոգում գրել է Եվրոպական կամավորական ծառայության շրջանակում Սլովակիայից Հայաստան կատարած այցելությունից ստացած իր տպավորություններով. ըստ նրա, հայերը չափազանց հարգալից են վերաբերվում միմյանց: 

Իր հոդվածում նա երկրի եւ մարդկանց մասին տպավորություններն է ներկայացրել: Երեւանի մասին Յանը գրել է. «Ճարտարապետությունը տարբերվում է, մարդիկ այլ տեսք ունեն, բայց Երեւանը ժամանակակից քաղաք է, որտեղ ժամանակակից սովորույթներով մարդիկ են ապրում»:

Հայաստանում նրա համար ամենահետաքրքիր բացահայտումներից է եղել երթուղայինով երթեւեկությունը: «Ես լսել էի, թե ինչպես որոշ հայեր բողոքում են երթուղայինում իրենց հայրենակիցների պահվածքից, բայց այն, ինչ ես տեսա երթուղայիններում, հերքեց այդ ամենը»,- նշել է հյուրը:

Նա թվարկել է այն ամենը, ինչ զարմացրել է իրեն: «Երթուղայինում դուք միշտ վճարում եք ուղեւորության վերջում: Եվ ինձ մոտ ծագած առաջին միտքը հետեւյալն էր. իսկ ինչպե՞ս է պատահում, որ նրանք առանց վճարելու չեն փախչում: Երիտասարդները միշտ տեղը զիջում են տարեցներին: Եթե անկեղծ լինենք, Սլովակիայում նույնպես կարելի է տեսնել իրենց տեղը տարեցներին զիջող երիտասարդների, բայց հաճախ վերջինները վիրավորվում են, որ իրենց որպես ծերունի են ընկալում»,- գրել է Յան Մրուգը:

Նրան զարմացրել է նաեւ այն, որ պատահական մարդիկ երթուղայիններում գանձապահի են վերածվում: «Փորձեք Եվրոպայում պատահական մարդու 100 դրամ տալ, եւ փողը երբեք վարորդին չի հասնի: Բացի այդ, նստած ուղեւորները հաճախ պահում են իրենց բոլորովին անծանոթ կանգնած ուղեւորների պայուսակները, համակարգիչներն ու ձեռքին եղած այլ իրերը: Եթե պատկերացնում եմ, որ եթե իմ երկրում որեւէ մեկին առաջարկեմ բռնել նրա պայուսակը, ապա կմտածի, որ այդ մտադրություններ ունեմ…»,- ընդգծել է Յանը:

Հոդվածի հեղինակը հավելել է, որ իրեն տպավորել է հայ ժողովրդի հարգալից վերաբերմունքը: «Հասկանում եմ, որ այս փորձն այնքան էլ օբյեկտիվ միջոց չէ հայ հասարակությանը գնահատելու համար, սակայն ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ հայերը չափազանց հարգալից են վերաբերվում միմյանց: Նրանք նաեւ հպարտ են, վստահ, բարձր են խոսում… շատ բարձր, բայց միշտ հարգանքով»,- ամփոփել է Յան Մրուգը:

 

Լրագրող 

ԲլոգՆյուզ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին