▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԳՄ անդամ, բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը ընտանիքի 14 անդամներով կվտարվի փողոց

nyut.am-ը գրում է. Քնարերգու բանաստեղծ  Հովհաննես Ղազարյանը իր ընտանիքի 14 անդամներով, այդ թվում՝ վեց անչափահաս թոռներով, հաշմանդամ որդով ու հիվանդ տիկնոջով շուտով կվտարվի տնից ու կհայտնվի փողոցում: Բանաստեղծը իր ընտանիքով այսօր այցելեց կայքի խմբագրություն և խնդրեց հանրությանն ուղղված իր բաց նամակը, տպագրել, հուսալով, որ որևէ մեկը կաջակցի իրենց:

Ստորև ` Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ  Հովհաննես Ղազարյանի նամակը.

«Տեղահանություն` «թուրքական»… ձևով

Դառնությամբ, անսահման դառնությամբ եմ գրում այս նամակը: Մինչդեռ շատ կուզենայի Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի բուն թեմայով կիսել խոհերս ձեզ հետ: Բայց ի՞նչ արած, երբ հարկադրված եմ անձնավորել ասելիքս, քանզի խնդիրը վերաբերում է իմ բազմանդամ ընտանիքի, այսինքն՝ հայ ընտանիքի աղետալի ճակատագրին:

Հիմա մտածում եմ, որ ավելի լավ կլիներ ինքս էլ արժանացած լինեի Գր. Զոհրապի և մյուս երևելիների եղերական բախտին և այսօր խնկարկվեի արժանապատվորեն, քան վերջին նսեմի պես քարշ գայի սեփական հայրենիքիս արհամարյալ խորշերում: Իրոք, որ մենք մեռյալներին ավելի շատ ենք սիրում…

Քառասուն տարի ազնվորեն տքնել ու ծառայել եմ հայ գրականությանը:

Որպես ուսուցիչ աշխատելով տարբեր դպրոցներում, ձգտել եմ առավելագույնս սեր ու հետաքրքրություն ներշնչել աշակերտներիս հայոց լեզվի և գրականության հանդեպ: Իսկ, թե ինչպես եմ ծառայել հայ ժամանակակից պոեզիային ՝ Կվկայեմ մամուլի էջերում ժամանակ առ ժամանակ հրապարակված կարծիքներն ու գրախոսականները՝  մեր գրական աշխարհի տաղանդավոր ու ոչ անհայտ գրողների և գրականագետների հեղինակությամբ:

Ամբողջ կյանքումս ոչ մի տող չեմ գրել բողոքի իմաստով: Ոչ մի ատյանի: Բողոքի «ժանրը» ինձ միշտ զզվելի է եղել: Իսկ այսօր ստիպված եմ մռնչալ, ո՛չ թե բողոքել, որովհետև այլևս ելք չունեմ և վերջին հույսս կապում եմ ընթերցողներիս հավանական բարենպաստ արձագանքի հետ: Բանն այն է, որ 1996 թ. անշրջելի մի դիպվածով մեր ընտանիքը կորցրեց սեփական տունը՝ խարդախ մի գնորդի պատճառով: Այդ չարագուշակ աշնանից ծայր առան մեր դեգերումներն ու փորձությունները:

Քառամյա թափառումներից հետո կարծես լույսի մի շող երևաց: Հերթական ժամանակավոր կայարանում հանկարծ մեզ այցելեց ընկերներիցս մեկը՝ իր ընկերոջ հետ: Վերջինս Աբովյանի նախկին ջերմատնային տնտեսության նոր սեփականատեր Արտաշես Սարգսյանն էր: Տեղեկանալով մեր ընտանիքի պատմության մասին, նրանք առաջարկեցին մեզ տեղափոխվել իրենց մոտ բնակության և աշխատանքի: Այդպես 2001թ. մենք տեղափոխվեցինք առաջարկված վայրը, ուր մեզ հատկացրեցին փոքր ու կիսաքանդ մի շենք, որպես կայարան: Այդ վայրում այդ շենքից բացի ուրիշ ոչինչ չկար, շուրջը աղբանոց էր, չոր ու ցամաք հողատարածք, քարքարոտ: Ի՞նչ արած, եռանդով գործի անցանք, սկսեցինք կիսավեր այդ շինությունը մաքրել, նորոգել և վերածել հարմարավետ տան: Հետո տարածքը տնօրենի ՝ նույն Արտաշես Սարգսյանի թույլտվությամբ տան շուրջը այգի հիմնեցինք, ուր այսօր կա մոտ 300 բերքատու ծառ, բարեկարգ, հրապուրիչ հողատարածք՝ ցանկապատերով ու առանձին մուտքով: Ստեղծեցինք անհրաժեշտ կիսակառույցներ (թոնրատուն, ամառային խոհանոց, ամառային տաղավար, անասնագոմ և այլն), բակն ու շուրջը բետոնապատեցինք, ջրագիծ և հոսանք անցկացրեցինք: Նույն 2001թ. մեր ընտանիքի անդամները՝ կինս և երկու որդիներս անցան աշխատանքի՝ տնտեսության տարբեր ոլորտներում՝ պայմանով, որ հետագայում այդ տունը մերոնց կատարած աշխատանքի դիմաց կտրվի մեզ (այսինքն՝ կսեփականաշնոհվի): Սակայն որևէ պայմանագիր չկնքեցինք: Տարիներ անցան, մերոնք շարունակում էին աշխատել անդուլ ու անվարձ՝ վստահ, որ վերջապես տուն ու տեղ ունեցանք:

2006թ. նշյալ տարածքը ինչ-որ տարաձայնությունների պատճառով հայտնվեց անորոշ կախվածության մեջ: Այդ ժամանակ տնօրեն Սարգսյանը մեզ ասաց, որ տարածքը գտնվում է վիճարկելի հանգամանքների տիրույթում և եթե կարող եք Ձեր ունեցածը պահպանեք, այն այլևս իմը չէ: Որոշ շինանյութերի համար վճարեցինք և այն պահպանեցինք: Իսկ տարածքի մնացած շինությունները քանդվեցին և վաճառեցին:

… Բայց կատարվեց ցավալի անսպասելին, 2013թ. աշնանը հանկարծակի մահացավ Արտաշես Սարգսյանը: Իսկ մեկ տարի անց, հանկարծ մեզ այցելեց նրա այրին՝ Մանուշակ Սարգսյանը (որի անվամբ է տասնյակ հեկտարանոց տարածքի ՍՊԸ-ն) և պահանջեց դուրս գալ հաշվառումից և ազատել մեր զբաղեցրած տարածքը կարճ ժամանակի ընթացքում, քանի որ տարածքը վերադարձրել են իր տնօրինությանը և ինքը որոշել է վաճառել այն:

Մնացինք շշմած ու կարկամած, ուր գնալ ընտանիքիս 14 անդամներով, այդ վեց անչափահաս թոռնիկներս, 2-րդ կարգի հաշմանդամ կրտսեր որդիս, հիվանդ կինս: Այդպես, հերթական անգամ փողոցում հայտնվելու զարհուրելի հեռանկարից տեղներս կորցրել էինք: Տեր Աստված, փաստորեն երկրորդ անգամ ենք վտարվում մեր տնից, այսինքն՝ հայրենիքից…

Մտավորականների, իշխանությունների, գործարարների շարքերում, ինչպես նաև արդարադատոթյան ոլորտում գործող Աստծո մարդիկ, խնդրում եմ, որևէ կերպ արձագանքել և սատարել մեզ, հոգնել ենք, այլևս չենք կարող:

Թախանձագին խնդրում եմ նաև Սփյուռքի իմ հայրենակիցներին բարության ձեռք մեկնել մեզ այս ծանր վիճակից փրկելու համար:

Ես հասկանում եմ, որ գործող օրենքներով չենք կարող պաշտպանվել: Բայց մի՞թե խղճի օրենք չկա, մի՞թե բարքերի պղտոր ջրում չկա մի զուլալ ու ջերմ ալիք, որ փարվի ու պաշտպանի մեզ տարագրության արհավիրքից:

Գոնե ֆինանսական քրտինքով վաստակած  մեր տնտեսությունը գնելու համար: Ախր, այդ ամենը մենք արել ենք մեր երեխաների կենսական պահաջները զսպելու գնով: Մի՞թե այսօր էլ բանաստեղծները դատապարտված են ստորացման  կորստյան:

Ես չեմ ուզում տեղահանվել իմ հող ու ջրից: Ես ուրիշ երկրում անելիք չունեմ:

Ես այստեղ մանկություն ունեմ, սրբազան նահատակներ ունեմ, բուրավետ լուսաբացներ ու կարոտներ ունեմ, որ չեն խամրելու բնավ ու երբեք: Ես արյան հիշողություն ունեմ, մի կտրեք երակներս, արյունս ցավո˜ւմ  է…

Հովհաննես Ղազարյան

Հայաստանի գրողների միության անդամ 1984-ից, բանաստեղծ

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին