▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ իրավունք ունեք պետական կառույցը ձեր գռեհիկ ճաշակով զարդարել.Գայանե Սողոմոնյան

Life.panorama.am-ը գրում է. Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն անդրադրձել է Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը զարդարանքի վերածելու  և դպրոցի շենքի արտաքին ու ներքին պատերին, առաստաղին փակցնելու փաստին.

 «Շատ զայրացած եմ: Թիվ 145 դպրոցի տնօրենը շատ խիստ հանձնարարական է ստացել իմ կողմից: Նրան արդեն ասվել է, որ շատ կոպիտ սխալ է թույլ տրվել: Ես Facebook-ում տեսա ինչ-որ անհասկանալի, անճաշակ և ինձ համար վիրավորական զարդարանք էր արված:  Ես ասել եմ ասելիքս  և կարծում եմ՝ այսօր-վաղը ամեն  ինչ կարգի կբերի: Կարծում եմ՝ նման դեպքեր այլևս չեն կրկնվի: Մարդ  կա մի ասելուց է հասկանում, մարդ կա՝ մի քանի»,- ասաց Գայանե Սողոմոնյանը:

«Հոգուս ցավ եմ զգում: Հարց է առաջանում՝ ո՞վ է թույլ տվել ձեր գռեհիկ ճաշակը ցուցադրեք: Դուք պճնվեք, այդպես դուրս եկեք, դուք եք ձեր  մարմինը, արտաքինը: Բայց դուք ի՞նչ իրավունք ունեք պետական կառույցը, որի պատասխանատուն միայն դուք չեք, ձեր ճաշակով զարդարել: Կրթօջախ մտնող դռնապանից մինչև բուժքույր պետք է հասկանան, որ իրենք կրթության դարբնոցում են աշխատում, էլ չեմ ասում՝ դպրոցի տնօրենը, հայոց լեզվի, գրականության, պատմության ուսուցչուհին»,- վրդովված ասաց տիկին Սողոմոնյանը:

Նա նաև  տեղեկացրեց, որ նախօրեին Երևանի փոխքաղաքապետը տնօրենների հետ խորհրդակցություն է հրավիրել և շուրջ մեկուկես ժամ բացատրել է՝  ինչպես պետք է կազմակերպվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և, ընդհանուր առմամբ, նրանց անելիքները:

«Այն, որ անմոռուկը կարող է դառնալ զարդարանքի միջոց,  ինձ համար անընդունելի է: Եղածի նկատմամբ այսպիսի վերաբերմունք, մեր կրթության ոլորտի պատասխանատուների նման գնահատականը, ինձ չափից ավելի զարմացնում է: Եթե իրենք են այդպես անում, բա իրենց աշակերտներին ի՞նչ են սովորեցնում: Ես անգամ չեմ մտածել, որ կարելի էր այսքան մանրանալ տնօրենների հետ: Տեքստի ձևով պահանջել եմ Ցեղասպանության տարելիցին նվիրված  միջոցառումների բովանդակությունը: Ասել եմ՝ յուրաքանչյուր դպրոց միջոցառում անելուց առաջ տեքստը բերի քաղաքապետարան, կամ ես սիրով կգնամ դպրոց: Նույնիսկ լուր ստացա, որ էկրանի վրա փորձում են ցուցադրել թեմայի շուրջ դաժան տեսարաններով ֆիլմեր, որոնք չի կարելի այդ տարիքի երեխաներին ցուցադրել»,- ասաց տիկին Սողոմոնյանը՝ հավելելով, որ պատրաստվում է շրջայցեր կատարել դպրոցներ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Իսկ թիվ 145 դպրոցի տնօրեն  Ռիմա Դավթյանը լսելով հարցն՝ ասաց. «Որևէ բան չունենք ձեզ ասելու» ու անջատեց հեռախոսը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցի տնօրենը ֆեյսբուքյան իր էջից արդեն իսկ հեռացրել  է լուսանկարները, կարելի է հուսալ, որ նա գիտակցել է մեղքի իր բաժինն ու դպրոցից հեռացրել է տոնածառի զարդարանք հիշեցնող անճաշակ ու տարելիցի խորհուրդը ապականող իրերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին